Բաժիններ՝

Իրանը պատրաստակամ է մասնակցելու Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագրին. պաշտոնյա

Իրանը քննարկել ու պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագրին: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության Տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհտի Աշֆարին` հավելելով, որ այս ծրագիրը հայ-իրանական համագործակցության կարևոր ուղղություններից է: «Այդ ծրագրի բանակցությունները շարունակվում են: Իրանում էլ քննարկել ենք հարցը, մենք պատրաստակամ ենք մասնակցելու ծրագրին: Արդեն պետք է մյուս երկրները վերջնական համաձայնության գան, որ այն իրականություն դառնա»,-ասաց Մեհտի Աշֆարին:

Իրանցի պաշտոնյան անդրադարձավ նաև Իրան-Հայաստան երկաթգծին` նշելով, որ առկա է այն իրագործելու երկկողմ կամքը, ներկայում Հայաստանը պետք է գտնի հնարավորություններ այն իրականացնելու: «Իրանի երկաթգիծը հասնում է մինչև Հայաստանի սահման, և մենք որևէ խնդիր չունենք այն երկարացնելու»,-ավելացրեց Մեհտի Աշֆարին:

Իրանցի պաշտոնյան Երևանում մասնակցում էր «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս