
Իրավապաշտպանները պահանջում են Բաքվում տեղի ունեցած խոշոր հրդեհի շուրջ մանրամասն քննություն անցկացնել

Իրավապաշտպանները Ադրբեջանի իրավապահ մարմիններից պահանջում են Բաքվում մարտի 2-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի գործով մանրամասն քննություն իրականացնել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բաքվի նարկոլոգիական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործով ձերբակալվել է կենտրոնում բուժում ստացող թմրամոլներից մեկը` Մուհամեդ Մամեդովը:
Մամեդովը խոստովանել է, որ ի նշան իրեն նարկոլոգիական կենտրոն բուժման տեղափոխած հարազատների դեմ բողոքի՝ ցանկացել է ինքնահրկիզվել, ինչի արդյունքում էլ տեղի է ունցել հրդեհը:
Իրավապաշտպանները գտնում են, որ 25 մարդու կյանք խլած հրդեհի համար կան նաև այլ պատասխանատուներ և պահանջում են գործի մանրամասն քննություն:
Նախնական վարկածի համաձայն` պատկան մարմինները հայտնել էին, որ Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը ուժեղ քամու հետևանքով կարճ միացումն է եղել:
Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ընդհանուր առմամբ հիվանդանոցում եղել է ավելի քան 200 մարդ՝ հիվանդներ և բուժանձնակազմի անդամներ:
Հնարավոր չի եղել փրկել 25 մարդու կյանք: