
Զարիֆը ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարը տարածաշրջանին

ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չպետք է հարցականի տակ դնեն հրթիռային ծրագրի ստեղծման Իրանի իրավունքը, հարկ է, որ ԵՄ-ն եւ Միացյալ Նահանգները դադարեցնեն իրենց սպառազինությունների մատակարարումները տարածաշրջանին: Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը մարտի 6-ին հայտարարել է Twitter-ում:
«ԱՄՆ-ը եւ եվրոպացիները պետք է դադարեցնեն հարյուր միլիարդավոր դոլարի զենքի մատակարարումը մեր տարածաշրջանին եւ հարցականի տակ չդնեն իրանական հրթիռները»,-Զարիֆի խոսքը մեջբերում են իրանական ԶԼՄ-ները: «Իրանի հրթիռային ծրագիրը սահմանափակված չէ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւով: Այս ծրագիրն անհրաժեշտ է, որպեսզի թույլ չտրվի մեր մարդկանց տառապանքների կրկնվելը Արեւմուտքի աջակցությամբ Սադամ Հուսեյնի ռմբակոծությունների ժամանակ»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Զարիֆը նաեւ նշել է, որ ֆրանսիացի իր պաշտոնակից Ժան Իվ լե Դրիանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում ընդգծել է այն բանի անհրաժեշտությունը, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում: Բացի այդ, Իրանի արտգործնախարարը հաստատել է Սիրիայում եւ Եմենում ճգնաժամերի հաղթահարմանը մասնակցելու Թեհրանի պատրաստակամությունը:
Նրա խոսքով՝ «Իրանը միշտ պատրաստ էհամագործակցել հանուն տարածաշրջանային խաղաղության, բայց լուրջ գործընկերների հետ, որոնք ընդհանուր նպատակ ունեն եւ չեն զբաղվում խաղաղարար հնարքների բանեցմամբ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: