«Առաջարկում ենք, որպեսզի ժամանակավորապես արգելվի, որ ուսուցիչները քարոզչություն իրականացնեն». Արտակ Զեյնալյան
Ազգային ժողովում քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքի նախագիծը: «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն առաջարկությամբ հանդես եկավ.
«Առաջարկում ենք, որպեսզի ժամանակավորապես արգելվի, որ ուսուցիչները քարոզչություն իրականացնեն: Դա, առաջին հայացքից կարող է թվալ՝ խտրականություն է, միջամտություն է նրանց ընտրական իրավունքի նկատմամբ, սակայն դա արդարացված է հետևյալ հանգամանքով. այսօր ՀՀ-ում արդեն իսկ կա տարբերակված մոտեցում և խտրականություն, ուսուցիչների ավելի քան 90 տոկոսը նույն կուսակցության անդամ են: Քանի որ իրական իրավիճակն այդպիսին է, ապա առաջարկում եմ ժամանակավորապես ուսուցիչներին արգելել քարոզչություն իրականացնել, քանի դեռ չի վերացել այդ խտրական մոտեցումը, քանի որ այդ կուսակցության անդամները հասարակության մեջ կազմում են ընդամենը 5 տոկոս, սակայն ուսուցչական կազմում ավելի քան 90 տոկոս են»:
Նախագծի հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ պետք է հսկողություն իրականացնեն, որ ուսուցիչներն ուսումնական հաստատություններում քարոզչություն չիրականացնեն, բայց եթե իրենց պարտավորություններից դուրս իրենք դա անում են, ոչ ոք չի կարող դա սահմանափակել: