
«ՆԱՏՕ-ն Իրաքում իր ներկայությունը կպահպանի իշխանությունների խնդրանքով». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայությունն Իրաքում եւ կշարունակի երկրի զինված ուժերին աջակցություն ցուցաբերել Բաղդադի խնդրանքին համապատասխան: Այդ մասին, ինչպես մարտի 6-ին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը պաշտոնական այցով գտնվում է արաբական այդ երկրում։
Գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչել է Իրաքի խորհրդարանի այն որոշումից մի քանի օր անց, որով կառավարությունից պահանջվել է նշել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո երկրից օտարերկրյա զինվորականների դուրսբերման ժամկետները:
«Մենք այստեղ ենք, որովհետեւ դա ցանկանում է Իրաքը»,-ասել է Ստոլտենբերգը, նշելով, որ դաշինքը խնդրագիր է ստացել վարչապետ Հեյդար ալ Աբադիից: Դրա հետ մեկտեղ նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն «չափազանց երկար չի մնա» հանրապետությունում եւ «կշարունակի մարզել իրաքյան ուժերին, որպեսզի թույլ չտա ԻՊ-ի նոր հայտնվելը»:
Մարտի 5-ին Իրաքի վարչապետը Ստոլտենբերգի հետ հանդիպում է անցկացրել Բաղդադում, որի ընթացքում հաստատել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու կարեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: