Տղամարդիկ միշտ վերադառնում են

Այո, տղամարդիկ միշտ վերադառնում են: Այդպիսին է նրանց բնույթը. ձգտել, հասնել իրենց սիրո առարկային, կորցնել հետաքրքրությունը, թողնել, իսկ հետո վերադառնալ…

Ընդ որում, վերադառնալ նրանք ցանկանում են այն ժամանակ, երբ քեզ այլևս հետաքրքիր չեն, երբ կյանքում ամեն բան կարգին է, ու քեզ նոր սեր է հանդիպել: Եվ ահա նա զանգում է քեզ կամ պատահաբար հանդիպում է փողոցում, առաջարկում տեսնվել: Եվ դու շատ ես ուզում համաձայնել: Որովհետև աշուն կամ գարուն է, որովհետև քեզ են այլցելում հիշողություններ:

Կար ժամանակ, երբ նա քեզ համար ամեն ինչ էր, միակն ու անփոխարինելին: Բայց դուք բաժանվեցիք, հնարավոր է՝ քո նախաձեռնությամբ, բայց այն հույսով, որ նա կփորձի վերադառնալ: Սակայն անցնում է ժամանակ, իսկ բաժանումը կասեցնելու փորձեր չկան ու չկան: Եվ դու քեզ ձաղկում ես արածդ հիմարության համար, բայց հպարտությունդ թույլ չի տալիս ինքդ անել առաջին քայլը: Եվ, ճիշտն ասած, անելու հարկ էլ չկա, քանի որ դու նրան տեսել ես ընկերուհու հետ:

Ակնհայտորեն նրանք իրար հետ իրենց լավ էին զգում, նրանք համբուրվում էին ու կանգնած էին միմյանց ձեռքերը բռնած: Նա գրկել էր այդ աղջկան, ինչպես մի ժամանակ քեզ էր գրկում, սեփականատիրոջ ձեռքով, և դու հիշում ես, թե ինչքան հաճելի էր նրա գրկում գտնվելը, հասկանալը, որ նա քեզ չի ուզում բաց թողնել անգամ մեկ րոպե:

Հիշողություններ: Կամ միգուցե նա արել է որոշիչ քայլը, իսկ դու դրան բոլորովին պատրաստ չես եղել: Պարզապես ամեն ինչ այնքան անսպասելի եղավ: Չէ՞ որ նա երկար ժամանակ էր ձգտում գրավել քո ուշադրությունը, անընդհատ պոչիցդ կպած էր, և, երբ դու ընդառաջ քայլ արեցիր, նա անսահման երջանիկ էր զգում իրեն: Ամեն ինչ շատ լավ էր, անգամ՝ հիանալի: Բայց մի անգամ նա ասաց, որ ձեր հարաբերությունները սկսել են անհետաքրքիր դառնալ, համ ու հոտը կորել է, որ նա հոգնել է դրանցից:

Բնականաբար, բաժանման մեջ դու սկսում ես մեղադրել ինքդ քեզ, պատճառներ ես փնտրում և անգամ գտնում ես դրանք: Քեզ թվում է, որ դու սկսել ես քիչ հետևել քեզ, անխնամ տեսք ունես, կամ վերածվել ես տնակյաց մեկի, իսկ միգուցե դու այդպես էլ չսովորեցիր պատրաստել նրա սիրած ճաշը: Ապա շատ երկար տանջվում ես, ամեն ինչ ձեռքիցդ ընկնում է, թևաթափ ես լինում, չես ուզում աշխատել, ի՞նչ աշխատել, անգամ ապրել չես ուզում: Եվ դու սկսում ես պարզապես գոյություն ունենալ…

Պատահում է, որ անգամ զանգում ես նրան և լռում խոսափողի մեջ: Իսկ հետո հանդիպում ես նրան, ու նրա տեսքից ավելի վատ ես զգում քեզ. Նա հիանալի տեսք ունի, և դու բարկանում ես քեզ վրա, բարկանում ես այն բանի համար, որ չես հաշտվում, տանջվում ես դեռ նրա համար, չես կարողանում նորմալ ապրել և անընդհատ մտածում ես նրա մասին: Իսկ նա հիանալի ապրում է առանց քեզ, ընկնում ուրիշի հետևից, փորձում նվաճել նրան:

Իսկ միգուցե այդ աղջիկը ձեր բաժանումից հետո արդեն երրորդը կամ չորրորդն է նրա նվաճումների ցանկում: Դու զայրանում ես, և այդ պահին ցանկություն է առաջանում ցույց տալ, որ դու էլ ես քեզ լավ զգում, դու էլ ես ապրում: Գիշերները քո գլխում արդեն հազարերորդ անգամ պտտվում է ձեր առաջիկա պատահական հանդիպման սցենարը. մեկ դու երեկույթի ես մասնակցում՝ շրջապատված երկրպագուներով, մեկ ընկերուհիներիդ հետ ծովափին ես, իսկ պատահում է, որ դու ամուսնացել ու երջանիկ ապրում ես մի գեղեցիկ միլիոնատիրոջ հետ: Գիշերը դու ափսոսում ես, որ երազանքներն իրականություն չեն դառնում…

Եվ ահա գալիս է ժամանակը: Ամեն վատը մոռացվում է: Դու այլևս չես ուզում վրեժ լուծել կամ լինել ավելի լավը, քան իրականում կաս: Աշխատանքդ սկսում է ուրախացնել, երջանիկ ընկերուհիներն այլևս չեն նյարդայնացնում: Իսկ սիրախաղը… դու արդեն չես հասկանում, թե ինչպես ես ապրել առանց դրա՝ և՛ այն ժամանակ, երբ նրա հետ ես եղել, և՛ ձեր բաժանումից հետո: Հանկարծ դու քեզ համար բացահայտում ես, որ դու դժբախտ չես, պարզապես ազատ ես: Դրա հետ մեկտեղ էլ՝ տղամարդիկ պարզ հասկացնում են, որ հետաքրքրված են քեզնով, որ դու ինչ-որ մոռացված մեկը չես, այլ նորմալ, գեղեցիկ կին:

Իսկ հետո քո կյանքում տղամարդ է հայտնվում: Նա Ապոլոնը չէ և անգամ միլիոնատեր չէ: Կամ միգուցե և՛ նա է, և՛ մյուսը: Նա քեզ ժպտում է ու հաճոյախոսություններ անում: Քեզ հաճելի է, իսկ սիրտդ սկսում է խփել արագ-արագ: Կրկին թիկունքիդ թևեր են աճում: Դու ոգևորված ես: Դու սիրահարված ես ու ամաչում ես նայել նրա աչքերին, չնայած վաղուց արդեն դեռահաս աղջիկ չես: Առաջին համբույր, առաջին գիշեր: Դուք երջանիկ եք, և նա քեզ առաջարկություն է անում, իսկ միգուցե դուք առանց դրա էլ երջանիկ եք միասին: Դու մոռացել ես նախկին սիրուդ: Ավելի ճիշտ, ոչ թե բոլորովին հանել ես մտքիցդ, այլ պարզապես մնացել են հաճելի հիշողություններ: Կարճ ասած՝ դու երջանիկ ես:

Եվ հանկարծ հայտնվում է նա, կարևոր չէ, թե ինչ կերպ: Հանդիպել ես դու նրան լրիվ պատահաբա՞ր, թե՞ նա ինքն է հավաքել քո հեռախոսահամարը: Խնդրում է հանդիպել, ասում է, որ հասկացել է, թե ինչ հիմարություն է նա արել, ու քեզ դնում է ընտրության առաջ: Հանդիպել, կրկին ընկնել նախկին հարաբերությունների հորձանուտի մե՞ջ, թե՞ մերժել: Երեկոյան դու նայում ես քնած տղամարդուն, նրան, ով կարողացավ քեզ կրկին երջանկացնել, և ով թքած ունի, թե դու ինչ տեսք ունես, և կարողանո՞ւմ ես արդյոք բորշ եփել: Նայում ես ու մտածում՝ հանդիպե՞լ քո նախկին սիրուն, թե՞ ոչ:

Գիտե՞ք, ես ինձ համար ամեն ինչ որոշել եմ: Այլևս հանդիպումներ չեն լինելու: Իզուր չէ ժողովրդական իմաստնությունն ասում, որ նույն գետը երկրորդ անգամ չի կարելի մտնել: Դա ճիշտ է. փորձել եմ: Քանի որ նրանք միշտ վերադառնում են: Եթե նա ուզում է, դարձիր նրա ընկերը: Ճիշտ է, դա դաժան կլինի: Չէ՞ որ ավելի սարսափելի բան չկա նրա համար, քան տեսնել քեզ ուրախ ու երջանիկ, վերադարձի հնարավորություն չտվող:

Տղամարդիկ միշտ վերադառնում են, բայց չի կարելի նույն գետը 2 անգամ մտնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս