«Նախընտրելի է իշխանությունը ձևավորել օր առաջ». Ինչո՞ւ է վարչապետի ընտրության օրը փոփոխվել

«Երբ կառավարությունը հրաժարական է տալիս, բոլորը ժամանակավոր պաշտոնակատար են, իսկ նախընտրելի է իշխանությունը ձևավորել օր առաջ: Դա է պատճառն այդ փոփոխության»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով, թե ինչո՞ւ է վարչապետի ընտրությունը կատարվելու արտահերթ նիստով, և նախապես սահմանված մայիսի 2-ի փոխարեն՝ նշանակվել է ապրիլի 17-ին:

Թե ինչո՞ւ նախապես հաշվի չէին առել այդ հանգամանքը և թողել են վերջում, Դ.Հարությունյանը պատասխանեց, որ, եթե պետք է բոլոր հարցերը հաշվի առնեին նախապես, երբևէ որևէ վրիպում չանեին, դա, իհարկե, կլիներ լավագույն տարբերակը, սակայն, այնուամենայնիվ, աշխատանքի բավականին մեծ ծավալի պարագայում նման դեպքեր լինում են. «Այն ժամանակ չէինք մտածել, հետո մտածեցինք: Հերթական նիստը նշանակում է՝ անհարկի ձգձգել գործադիր իշխանության ձևավորումը»:

Ի պատասխան հարցի` ռիսկայի՞ն է Սերժ Սարգսյանին այդքան ժամանակ առանց պաշտոնի թողնելը, Դ.Հարությունյանը կոչ արեց ամեն ինչն այդ աստիճան չանձնավորել. «Եթե հնարավորություն կա ձևավորելու գործադիր իշխանությունն օր առաջ, դա պետք է անել և դա բխում է մեր երկրի հնարավորությունից»:

Անդրադառնալով ընդդիմադիրների մտադրությանը, որ հանրային լայն մոբիլիզացիա պետք է իրականացնեն և թույլ չտան Սերժ Սարգսյանին կրկին ղեկավարել երկիրը, Դ.Հարությունյանը նկատեց, թե հավանաբար ինչ-որ ծրագրեր ունեն, որ փորձում են քայլեր ձեռնարկել. «Իսկ ես խորապես համոզված եմ, որ Սահմանադրությունը գործելու է իր ողջ ուժով»:

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանի խոստումը դրժել-չդրժելու հարցին նախարարը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այդ մասին արդեն խոսել է և կխոսի վարչապետի թեկնածուի պաշտոնապես ներկայացումից հետո:

Դիտարկմանը, որ մի շարք կազմակերպությունների կողմից այսօր տարածված հայտարարությանը, որ Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածները և չհրապարակեց Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու պահը հավաստող փաստաթուղթը, այդպիսով կասկածի տակ է դրվում նրա լեգիտիմությունը, Դ.Հարությունյանը միայն հակադարձեց. «Համաձայն չեմ նման դիրքորոշման հետ»:

Տեսանյութեր

Լրահոս