«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցը «լավությունների» դիմաց ստուգումներ չի իրականացրել
22.02.2018թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Շ.-ն հաղորդում է տվել, որ նշված հիմնարկի տնտեսական մասի աշխատակիցը որոշ դատապարտյալների կողմից կատարած «լավությունների» դիմաց համապատասխան ստուգումներ չի իրականացրել: Ա. Շ.-ն հայտնել է նաև, որ ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը գումարի դիմաց պարբերաբար հիմնարկ է անցկացրել արգելված իրեր և առարկաներ, այդ թվում` ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ, էլեկտրական սարքեր, որոնք տնտեսական բաժնում աշխատող դատապարտյալների միջոցով փոխանցվել են հիմնարկում պահվող կալանավորներին և դատապարտյալներին:
Դատապարտյալ Ա. Շ.-ն նշված հանգամանքների մասին փորձել է հայտնել իրավասու մարմիններին, սակայն նրանից բացատրություն չեն վերցրել, որի պատճառով ինքնավնասում է կատարել:
Վերը նշված դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի այն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: