Հայ ճանապարհաշինարարներն ասոցիացիա կունենան
Հայաստանի ճանապարհաշինարարարներն այսուհետ կմիավորվեն մեկ ասոցիացիայի ներքո։ Երևանում տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, ոլորտում հաջողության հասած ճանապարհաշինական մեծ ու փոքր մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը պաշտոնապես ազդարարեց ասոցիացիայի աշխատանքների մեկնարկը` կարևորելով ոլորտի կանոնակարգման մեջ նմանատիպ կազմակերպության դերը։
Նրա խոսքով` ասոցիացիա ստեղծելու գաղափարը վաղուց էր առաջացել, բայց միայն այսօր դա իրականություն դարձավ։
«Մեր նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում գործող պրոֆեսիոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրեր իրագործելու համար»,- ասաց Էդուարդ Բեզոյանը։
Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նախարար Վահան Մարտիրոսյանի անունից շնորհավորեց բոլոր ճանապարհաշինարարներին կարևոր ձեռքբերման համար` հույս հայտնելով, որ այս կառույցը լավագույնս կներկայացնի ճանապարհաշինական ընկերությունների շահերն ու հետաքրքրությունները։
«Ճանապարհաշինությունը մեր երկրի տնտեսության չափազանց կարևոր և առանցքային բնագավառներից է, ճանապարհները՝ յուրաքանչյուր երկրի արյունատար անոթները: Վստահ եմ, որ այն գործնական նոր կապեր ստեղծելու, դրանք ամրապնդելու և հաստատելու, միջազգային առաջադեմ փորձը կիրառելու լայն հնարավորություններ կտա։
Ակնկալում ենք կազմակերպության ակտիվ մասնակցությունը և աջակցությունը ճանապարհաշինության ոլորտում իրականացվող լայնամասշտաբ, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական ծրագրերին»,- ասաց Գագիկ Գրիգորյանը:
Ասոցիացիայի հիմնադրումը ողջունեց նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը։
Նա նշեց, որ չափազանց կարևոր է ոլորտում դրսի նորարարական փորձի ներդրումը և մասնագետների շփումներն ու փորձի փոխանակումը։
«Ճանապարհաշինության դերակատարումը թերագնահատել, իհարկե, դժվար է: Դա արտահայտվում է նաև մեր կառավարության հաստատած ու շարունակաբար իրականացվող ծրագրերում: Այս իմաստով դուք բոլորդ շահեկան դիրքերում եք և շուկան գնալով մեծանում է: Շուկայում որոշակի կարգավորումների բարելավման, նորամուծությունների կիրառման իմաստով ես շատ կարևորում եմ ասոցիացիայի հիմնումը և բարեհաջող աշխատանքի իրականացումը»,- ընդգծեց Վարդան Կարապետյանը։