Կենտրոնական բանկը 2018 թվականին կանխատեսում է 4.7-5.8% տնտեսական աճ
2017 թվականին ներքին պահանջարկի բարձր աճը մեծամասամբ պայմանավարված Կենտրոնական բանկի կողմից իրականացվող շարունակական խթանող դրամավարկային քաղաքականությամբ և տնտեսության վարկավորման աճով, ինչպես նաև արտաքին պահանջարկի և ՌԴ-ից դրամական փոխանցումների վերականգնմամբ, որի ներքո 2017 թվականի համար գնահատվում է բարձր տնտեսական աճ։
Այս մասին նշվում է ԿԲ Դրամավարկային քաղաքականության 2018 թվականի առաջին եռամսյակի ծրագրում և 2017-ի չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մեջ։
Վերը նկարագրված զարգացումների պայմաններում 2017 թվականին սպասվում է 7.2-7.4% տնտեսական աճ (ԿԲ կողմից այս զեկույցի հրապարակման պահին ԱՎԾ-ն դեռ չէր հրապարակել տնտեսական աճի փաստացի ցուցանիշը՝ 7.5%)։
ԿԲ գնահատմամբ, 2018 թվականին ակնկալվող խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, 2017 թվականին իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականության լագային ազդեցությունները, ինչպես նաև՝ արտաքին աշխարհում բարենպաստ զարգացումները կշարունակեն դրական նպաստում ունենալ համախառն պահանջարկի վրա։
Այս զարգացումների պայմաններում Կենտրոնական բանկը 2018 թվականին կանխատեսում է 4.7-5.8% տնտեսական աճ։ Ըստ ԿԲ-ի, այդ աճը մեծապես պայմանավորված կլինի մասնավոր ծախսումների և արտահանման աճով։
Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես որոշվում են տնտեսության ներուժով։ 2019 թվականին տնտեսական աճը ԿԲ-ն գնահատում է 4.5-5.9%, իսկ 2020 թվականին՝ 4.4-6%-ի շրջանակներում։ Նշված միջնաժամկետ տնտեսական աճերը պայմանավորված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ, Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքով և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներով։