Բաժիններ՝

Վարկավորման պայմանները դյուրացել են. ԿԲ հարցման արդյունքները

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցման արդյունքների, 2017 թվականի չորրորդ եռամսյակում շարունակվել է ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի պայմանների դյուրացումը բոլոր ուղղություններով։

Այս մասին նշվում է ԿԲ Դրամավարկային քաղաքականության 2018 թվականի առաջին եռամսյակի ծրագրում և 2017-ի չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մեջ։

Ըստ այդ փաստաթղթի՝ չորրորդ եռամսյակում ևս դյուրացումների վրա հիմնականում ազդել են բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների միջև առկա մրցակցությունը, ընդհանուր տնտեսական ակտիվության աճի սպասումները, ինչպես նաև՝ բանկերի մոտ իրացվելիության աճը։ Նշված գործոնները նպաստել են վարկավորման տոկոսադրույքների և ոչ տոկոսային վճարների գանձման կրճատմանը, ժամկետայնության դյուրացմանը (տրամադրման ժամկետի երկարացում)։ Վարկային փաստացի պահանջարկը բոլոր վարկատեսակների նկատմամբ աճել է։

2017թ. չորրորդ եռամսյակի համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ձևավորվել են էական սպասումներ՝ թե՛ վարկավորման ընթացակարգերի դյուրացման, թե՛ պահանջարկի աճի ուղղությամբ։ Հարցումների արդյունքները համահունչ են ԿԲ՝ տնտեսության պահանջարկի վերականգնման վերաբերյալ գնահատականներին։

Ավելացնենք, որ ըստ ԿԲ հաշվետվության՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակում փաստացի շարունակվել է վարկավորման ծավալների աճը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, վարկավորման պայմանների ու ընթացակարգերի շարունակական դյուրացման պայմաններում եռամսյակի ընթացքում վարկավորման աճը կազմել է 6.7%, ընդ որում՝ դրամով տրամադրված վարկերն ավելացել են 10.2%-ով, իսկ արտարժութային վարկերը՝ 5.4%-ով։ Տնտեսության տրամադրված վարկավորման ընդհանուր ծավալի 12-ամսյա աճը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 16.5%, որն ավելին է ԿԲ գնահատականից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս