
Լավրովը և Չավուշօղլուն մարտի 14-ին հանդիպում կունենան Մոսկվայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մարտի 14-ին Մոսկվայում կանցկացնեն ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մարտի 14-ին Մոսկվայում կկայանա ռազմավարական պլանավորման համատեղ խմբի վեցերորդ նիստը. այն գլխավորելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները,-ասել է Զախարովան:-Առաջիկա բանակցությունների ընթացքում պլանավորվում է համադրել դիրքորոշումները երկկողմ օրակարգի հանգուցային հարցերի շուրջ, վերլուծել այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների միջեւ, քննարկել երկու պետությունների ղեկավարների նախագահությամբ բարձր մակարդակի Ռուս-թուրքական համագործակցության խորհրդի հերթական նիստի նախապատրաստումը»:
Բացի այդ, դիվանագետի խոսքով՝ կողմերը կքննարկեն «Աքքույու» ատոմակայանի եւ «Թուրքական հոսք» գազատարի նախագծերի իրագործումը, ինչպես նաեւ փոխադարձ ապրանքաշրջանառության մեծացման հնարավորությունները:
«Տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակման շրջանակներում զգալի տեղ է պլանավորվում տրամադրել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի թեմատիկային, Սիրիայի իրադրության կայունացման եւ Սոչիում Սիրիական ազգային երկխոսություն Կոնգրեսի արդյունքների լույսով քաղաքական կարգավորման գործընթացի ակտիվացման հարցերին»,-հավելել է Զախարովան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: