
Սառնամանիքն ու քամին խախտել են գնացքների երթևեկությունը Լոնդոնի, Փարիզի ու Բրյուսելի միջև

Լոնդոնի ու Բրյուսելի եւ Լոնդոնի ու Փարիզի միջեւ երթեւեկող մի քանի գնացքներ չեղարկել են իրենց ուղերթները Մեծ Բրիտանիայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այդ մասին հայտնել է «Եվրոսթար» ընկերությունը:
Մարտի սկզբի համար արտասովոր ցածր ջերմաստիճանները՝ փոթորկալի քամու զուգակցությամբ, քիչ խնդիրներ չեն ստեղծել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում եւ երկրի այլ տարածաշրջաններում: «Մեծ Բրիտանիայում եղանակային ծանր պայմանների կապակցությամբ մենք ափսոսանքով ձեզ ծանուցում ենք հետեւյալ գնացքների ուղերթների չեղարկման մասին»,-ասված է Twitter-ում «Եվրոսթար»-ի հաղորդագրության մեջ:
Այնուհետեւ բերվում է գնացքների չեղարկված տասնյակ ուղերթների ցուցակը: Երկաթուղային երթեւեկության հետ կապված ընդհատումներ են դիտվում նաեւ երկրի ներսում: Գնացքների ուղերթների չեղարկման եւ ուշացումների մասին հայտնել են բոլոր խոշորագույն երկաթուղային ընկերությունները: Խափանումների պատճառ են դարձել գնացքների վնասվածքները, ուղեգծերի սառցակալումը եւ էլեկտրահաղորդման գծերի կտրվելը: Փակ են Լոնդոնի մետրոյի առանձին տեղամասեր:
Ծանր դրություն է տիրում նաեւ երկրի օդանավակայաններում: Էդինբուրգի եւ Գլազգոյի օդանավակայաններն ընդհանրապես չեն աշխատում. Բրիտանական բյուրոն առաջին անգամ հայտարարել է Շոտլանդիայում սպառնալիքի առավելագույն հնարավոր «կարմիր» մակարդակի մասին: Խոշորագույն անգլիական օդանավակայանները՝ «Հիթրոու»-ն, «Գաթվիք»-ը, «Սթենսթեդ»-ը, Մանչեսթրի օդանավակայանը, հայտարարում են չվերթների համատարած չեղարկումների ու հետաձգումների մասին:
Իրադրությունն ավելի լավ չէ նաեւ երկրի ճանապարհներին. տեղական իշխանությունները հանձնարարում են առանց ծայրահեղ անհրաժեշտության ոչ մի տեղ չմեկնել ավտոմեքենայով: Ճանապարհային ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, հաղորդագրություններ են ստացվում ճանապարհատրանսպորտային բազմաթիվ մանր պատահարների մասին: Առնվազն ինը մարդ է զոհվել եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: