
Վրաստանը ողջունում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվորեն զարգացնել տարածաշրջանային նշանակության համագործակցությունը՝ օգտագործելով միմյանց հնարավորությունները: Այդ մասին ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած բանակցություններն ամփոփելիս հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային նշանակության համագործակցությունը: Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանի կողմից կօգտագործվեն»,- ասաց Վրաստանի վարչապետը:
Գիորգի Կվիրիկաշվիլին նշեց նաև, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համակողմանի և ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը: «Երկու կողմերս համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել և երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաև, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի և մենք հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում անպայման կանցկացվի»,- ասաց Վրաստանի վարչապետը: