Բաժիններ՝

«Երևակայության գավաթ» մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան թիմերը

Microsoft ընկերությունը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հրավիրում են ավագ դպրոցի աշակերտներին, ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրատներին՝ մասնակցելու ամենամյա Imagine Cup միջազգային տեխնոլոգիական մրցույթին։

Imagine Cup մրցույթն աշխարհի առաջատար ամենամյա միջազգային մրցույթներից է ՏՏ ոլորտի ուսանողների համար, որն անցկացվում է Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից և նպատակ ունի օգնել երիտասարդ մասնագետներին՝ բացահայտելու իրենց ներուժը, իրականացնելու իրենց գաղափարները սեփական նախագծերում և ներկայացնել դրանք միջազգային փորձագետներին։ Այսօր մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրներ և տարածաշրջաններ ողջ աշխարհում:

«Մրցույթի նպատակն է բացահայտել նոր տաղանդներ երիտասարդների շրջանում։ Միգուցե Հայաստանում կգտնվի հաջորդ Բիլ Գեյթսը կամ Մարկ Ցուկենբերգը և այս մրցույթի միջոցով հնարավոր կլինի ներկայանալ ամբողջ աշխարհին։», – նշում է Մայքրոսոֆթ Հայաստանի ղեկավար Լիանա Կորկոտյանը։

2018 թվականի մրցույթի համար հայտարարվել են 3 կատեգորիաներ՝ AI, Big Data, Mixed Reality։ Մրցույթն անցկացվելու է մի քանի փուլով։ Հայաստանյան փուլում ժյուրին կգնահատի ներկայացված գաղափարների եզակիությունը, նորարարական տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև անգլերեն լեզվով, սեփական նախագծերը պատշաճ ներկայացնելու կարողությունը։

«Մրցույթի անվանակարգերը ոլորտի տենդենցներին համահունչ են, և հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի նորարար լուծումներ կարող են առաջարկել հայ աշակերտները և ուսանողները։»,-նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Հայաստանյան փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կազմակերպիչների ամբողջական ֆինանսավորմամբ կմեկնեն Մինսկ՝ մասնակցելու տարածաշրջանի եզրափակիչ փուլին, որի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Imagine Cup 2018-ի եզրափակիչ փուլին և պայքարել 100,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակի համար։

Մրցույթով հետաքրքրված թիմերը իրենց հայտերը կարող են ներկայացնել առցանց հղումով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի մարտի 20-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս