Բաժիններ՝

Արարատ Զուրաբյանն առաջարկում է ՀՀ-ում թույլատրել կլոնավորումը, որպեսզի կարճ ժամանակում բնակչությունն 8 միլիոն դառնա

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ օրենքի փոփոխութունները պայմանավորված են Սահմանադրական փոփոխություններով:

Նրա խոսքով՝ սահմանվել են մի շարք դրույթներ, որոնց հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերը համապատասխանեցնել սահմանադրության նորմերին. «Սահմանվում է, որ բժշկության և կենսաբանության ոլորտներում արգելվում են եվգենիական փորձերը, մարդու օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: Այս առումով փոփոխություններ են կատարվել օրենքում, ըստ որի՝ սահմանվել է կենդանի և դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու վերաբերյալ արգելք»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցով դիմեց նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Մարինա Մարգարյանին. «2005 թվականի Սահմանադրությամբ՝ արգելված էր օրգանների և հյուսվածքների առք ու վաճառքը: 2015 թվականի Սահմանադրության  խմբագրմամբ գրված է, որ շահույթն է արգելված: Սրանց տարբերությունը գործնականում ինչպե՞ս է որոշվելու, մենք չե՞նք քրեականացնի ցանկացած տրանսպլանտացիա, որովհետև մասնագետը, որը կարող է դիակից վերցնել աչքի եղջերաթաղանթ, կդադարեցնի դրանով զբաղվել, որովհետև ցանկացած արժեքի ավելացում շահույթ է՝ ըստ այս օրենքի և Սահմանադրության: Չե՞ք կարծում, որ այստեղ Սահմանադրության նոր փոփոխությունները հակասում են հանրային շահին: Պետք է դոնորությունը զարգանա»:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Մ. Մարգարյանն ասաց. «Ես չեմ կարծում, որովհետև ստույգ  սահմանվել է, այսինքն՝ «շահույթ» բառը ստույգ բացվել է՝ ինչ է նշանակում այդ հասկացությունը: Սա դոգմա չէ, կարելի է առաջարկներ անել, և փոխել օրենսդրական դրույթները»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ առաջարկ հնչեցրեց. «Ես կլոնավորումը առաջարկում եմ հանել այդտեղից և թույլատրել: Կարծում եմ, հայ գիտնականները հասել են նրան, որ կարող են անել դա, ու պետք չէ նրանց օրենսդրորեն արգելել ու թույլ չտալ, եթե մենք խնդիր ենք դրել, որ կարճ ժամանակ հետո  4 միլիոն հայ ապրի, ես առաջարկում եմ կլոնավորումը թույլ տանք՝ 8 միլիոն դառնանք»:

Մ. Մարգարյան էլ ասաց, որ կլոնավորումն ամբողջ աշխարհում արգելված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս