Արմեն Սարգսյանի ելույթը չի արդարացրել Նիկոլ Փաշինյանի հույսերը
Երեկ ԱԺ ամբիոնից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթը չի արդարացրել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հույսերը: Այս մասին այսօր ԱԺ-ում նախագահի ընտրությունից հետո հայտարարեց Ն.Փաշինյանը:
«Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով էդքան փորձառու և էդպիսի կենսագրության տեր մարդ՝ ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում ԱԺ ամբիոնից հանդես կգա էդպիսի խեղճ ու տխուր, մեծ հաշվով՝ որևէ էներգիա չպարունակող տեքստով։ Եվ ես կարծում եմ՝ դա կապված է այն թակարդի հետ, որի մեջ նրան դրել է Սերժ Սարգսյանը»,- ասաց Ն.Փաշինյանը։
Ըստ նրա` Հայաստանն այնպիսի վիճակում է, որ փոփոխություններ պետք է սպասել ցանկացած պահի, եթե ՀՀ ժողովուրդն ի վերջո կայացնի այդ որոշումը. «Չի կարող առանց ժողովրդի որոշման՝ լինել փոփոխություն: Մենք հասկանում ենք նաև, որ էնպես չի, որ ժողովրդի որոշումը ինքնակազմակերպման արդյունքում պետք է տեղի ունենա, մենք մեր գործունեությամբ փորձում ենք առավելագույնս նպաստել դրան»: