Բաժիններ՝

Նախարար Մարտիրոսյանը բելառուսական կողմին առաջարկել է մասնակցել ՀՀ տրանսպորտային ցանցի օպերատորի ընտրության մրցույթին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 1-ին հյուրընկալել է Բելառուսից ժամանած պատվիրակությանը՝ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին բելառուսական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղված են ճանապարհաշինության, սպասարկող տեխնիկայի արտադրության և տրանսպորտային համակարգերի ավտոմատացման ոլորտներում:

Նախարարը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ քննարկման ընթացքում և հաջորդիվ կուրվագծվեն համագործակցության ուղիներ այս ոլորտներում:

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում ճանապարհաշինական և տրանսպորտային բարեփոխումներին վերաբերող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, նշել այն ուղղությունները, որով հնարավոր է գործակցություն բելառուսական ընկերությունների հետ:

Մասնավորապես, նա անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքներ պարունակող 70 կմ-անոց հատվածի շիննախագծին, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով:

Նախարարն առաջնահերթ ընդգծել է միասնական տրանսպորտային ցանցի ներդրման նախագիծը, որը կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը:

Հյուրերը ներկայացրել են բելառուսական ընկերության նախագծած համակարգը, որով ուղևորավարձի վճարումը լիովին ավտոմատացված է. աշխատում է քարտային՝ առանց կոնտակտի սկզբունքով, հնարավորություն է տալիս ղեկավարել երթուղիները և մեծացնել դրանց արդյունավետությունը: Ընկերությունը առաջարկում է ոչ միայն ծրագրային լուծում, այլև տրանսպորտի կահավորման համար անհրաժեշտ սարքավորումներ:

Նախարարը բելառուսական ընկերություններին առաջարկել է մասնակցել օպերատորի ընտրության մրցույթին:

Զրույցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 2-ին հանդիպում կազմակերպել պատվիրակության և հայաստանյան շահագրգիռ ընկերությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս