
USAID-ը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի հետ հարաբերությունների դինամիկայի առնչությամբ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դժգոհ է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ընթացքից: Այս մասին հայտնում է ադրբեջանական gununsesi.info-ն:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով համակարգողի տեղակալ Բրոք Բիրմանը Ադրբեջանի կառավարության հետ հանդիպումների անարդյունք լինելու վերաբերյալ ափսոսանք է հայտնել:
«Ես Ադրբեջանի կառավարության հետ հանդիպումների ժամանակ երկկողմ կառուցողական համագործակցություն հաստատելու շուրջ առաջընթաց չեմ նկատել: Մենք երկար տարիներ համագործակցել ենք, սակայն վերջին տարիներին հարաբերությունների հետագա զարգացմանը խոչընդոտող որոշ հանգամանքներ են ի հայտ եկել»,-նշել է Բիրմանը:
Բրիմանը նշել է, որ իրենք բազմիցս հույս են հայտնել, որ այդ խոչընդոտները կվերացվեն, սակայն այդ հարցում առաջընթաց չկա:
«Մենք հանդիպումների ժամանակ բազմիցս հույս ենք հայտնել, որ համագործակցության զարգացման խոչընդոտները կվերացվեն, սակայն մեր ակնկալիքները չարդարացան: Ադրբեջանական կողմից այս հարցում ոչ մի առաջընթաց չենք զգացել: Ես Բաքվի հետ էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներ չեմ տեսնում»,- հավելել է Բիրմանը: