
Հայ-թուրքական արձանագրությունները տապալեց հենց թուրքական կողմը․ թուրքագետ

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցումը սպասելի էր եւ իրատեսական: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր, որ գարուն կմտնենք առանց արձանագրությունների: «Ինչպես եւ նախապես ասվել էր, այդպես էլ եղավ: Ամեն ինչ սպասելի էր եւ միանգամայն հասկանալի»,-ասաց նա:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն էլ նշեց, որ նախապայմաններ դնողը եւ չվավերացնողը թուրքական կողմն էր: «Չնայած նրանք ջանքեր գործադրեցին համոզելու համար, որ չէ, նրանք չեն հանում օրակարգից, բայց բուն փաստերը եւ Թուրքիայի կողմից ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ թուրքական կողմը տապալեց արձանագրությունները»,-հավելեց նա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին: