ՀՀ նախագահը հերթական անգամ «не настоящий» է. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին մեղադրեց հայ հանրության հանդեպ կատարյալ անհարգալից վերաբերմունքի մեջ: Ըստ նրա` ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահի թեկնածու կարող է լինել միայն վերջին 6 տարում ՀՀ քաղաքացի եղած անձը: Նա հիշեցրեց «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը, որտեղ ասվում է` «Войско сбунтовалось, царь не настоящий», և նշեց, որ այսինքն` Իվան Գրոզնու ժամանակներից գալիս է հարցը` «царь настоящий или не настоящий?»:

Ն.Փաշինյանի խոսքով` մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ ասում են՝ 2011 թ.-ից հետո ևս Ա.Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իսկ «Ելք» խմբակցության հետ հանդիպման ժամանակ թեկնածուն հավաստիացրել է, որ հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից, և «Ելքն» ի գիտություն է ընդունել հարգանքով, բայց խնդրել են հիմնավորել փաստաթղթերով:

Ն.Փաշինյանը նշեց, որ այս 1 ամսում քննարկվում է քաղաքացիության և լեգիտիմության հարցը, իսկ Ա.Սարգսյանը մի պարզ բան չի անում` Մեծ Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չի բերում, որ այսինչ օրը դիմել է քաղաքացիությունից հրաժարման և այսինչ օրվանից չի հանդիսանում ՄԲ քաղաքացի.

«Ու սա չեք անում այն պայմաններում, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում մտերիմներ ունեք: Այս պայմաններում միայն մի եզրակացություն կա`  նման փաստաթուղթ գոյություն չունի»:

Ըստ նրա` հերթական դեժավյուն է գալիս, որ մեր նախագահը հերթական անգամ «не настоящий» է: Ն.Փաշինյանը հայտարարեց, որ Ա.Սարգսյանը ՀՀ քաղաքացիություն է ունեցել միայն այն ժամանակ, երբ պաշտոններ է ստանձնել, իսկ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու համար նա հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, երբևէ կարծիք չի հնչեցրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին, անգամ, երբ մարդկանց բանտեր էին նետում:

«Դուք այսօր ՀՀ նախագահ չեք ընտրվում, Դուք այսօր ՀՀ-ում իշխող մաֆիայի անդամ եք ընտրվում»,- ասաց Ն.Փաշինյանը` հավելելով, որ դրա համար էլ Ա.Սարգսյանը չի մեկնաբանում այն պարզ հարցը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի լինելու հաջորդ ժամկետում ՀՀ ղեկավար:

Տեսանյութեր

Լրահոս