«Ի՞նչ կլիներ, եթե ունենայինք ևս մեկ թեկնածու, ու այստեղ ունենայինք ոչ թե մեկ անձի և դիրքի գովք, այլ՝ համեմատություն». Մանե Թանդիլյան

«Իրոք, կարևոր օր է, ես էլ կցանկանայի կարողանալ խոսել՝ ի պաշտպանություն մեր թեկնածուի, ոչ՝ ի հակադրություն այլ թեկնածուի»,- այսօր Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, թե այլընտրանքային ընտրության դոմինանտը հետկոմունիստական հոգեբանության մնացորդ է, երբ բոլոր դեպքերում մտածում են՝ ամեն ինչ պետք է այլընտրանքային լինի.

«Պարոն Աշոտյանը նման արտահայտություն է անում, կարծեք թե, կար դրա հնարավորությունը, և մենք դրանից չենք օգտվել: Իրականությունն այն է, որ ինչքա՞ն կարելի էր դեբատի, ընտրության այս հնարավորությունն այսքան նսեմացնել՝ կոչելով դա սովետական, և այլն: Մենք թերագնահատում ենք այդ ընտրության հնարավորությունը, և դա անում ենք սահմանադրական մակարդակով, որովհետև չենք տալիս խմբակցություններին հնարավորություն ունենալ և առաջադրել իրենց թեկնածուին:

Մի խմբակցությունն իրենց թեկնածուին առաջադրելու համար պետք է փնտրի այլ խմբակցությունների աջակցությունը: ՀՀԿ-ական պատագամավորները պետք է ուզենային, որ այս ամբիոնից հնչեր այլ տեսակետ, ի՞նչ կար այստեղ, եթե դուք միանայիք, ունենայինք ևս մեկ թեկնածու, որը կկարողանար մարտահրավեր նետել այն ծրագրերին, որի մասին խոսում էիք, ու այստեղ կունենայինք ոչ թե մեկ անձի և դիրքի գովք, այլ կունենայինք համեմատություն, իրատեսական, ռեալ քննադատություն: Այսօր այդ հնարավորությունը չունենք, ու դա ընդունելի չէ»:

Տեսանյութեր

Լրահոս