
«Եթե Թուրքիան չարձագանքի, բնականաբար, ՀՀ նախագահի հայտարարության ընթացքը պետք է տրվի». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձանագրեց, որ այսօր գարնան առաջին օրն է, «մենք մտնում ենք գարուն, իսկ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայից արձագանք դեռ չկա»:
Ըստ նրա` եթե պետք է այսպես շարունակվի, արձանագրությունները՝ որպես փաստաթուղթ, պարզապես մնան, և արդյունավետություն չլինի, Հայաստանի իշխանությունը կքննարկի ու ընթացք կտա ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ, եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, դրանք կհանվեն հայկական օրակարգից:
«Մեր կողմը չի դրժել որևէ պայմանավորվածություն, դա թուրքական կողմն է խուսափել իր պարտավորությունները կատարելուց, նախապայմաններ է դրել ՀՀ-ի առջև, իսկ մենք նախապայմաններով որևէ համաձայնագիր չենք ստորագրել: Եթե Թուրքիան չարձագանքի, բնականաբար, ՀՀ նախագահի հայտարարության ընթացքը պետք է տրվի»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Ըստ նրա` ժամկետների մասին պետք չէ խոսել. «Հետևանքները կտեսնեք մոտ ապագայում»: