Հայաստանում նախորդ տարի իրականացվել է 856,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումները՝ պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կազմել են ընդհանուր՝ 856,5 մլն դոլար:
Մարզերում իրականացվել են ծրագրեր, ընդհանուր՝ 170,9 մլն դոլար ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ 856,5 մլն դոլարի շրջանակում: Ընդհանուր առմամբ մարզերում իրականացվել է 614 ծրագիր: Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում հրապարակված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունում:
ՀՀ կառավարության կողմից մի շարք ընկերությունների տարբեր արտոնություններ են տրամադրվել և տարվա ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն այդ ընկերությունների կողմից ներդրումային ծրագրով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ մոնիթորինգ է իրականացրել: Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ 2017թ. կատարվել է շուրջ 506 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը ներառված է 856 մլն դոլարի ներդրումների մեջ: