Հռոմը կարգելի պատմական կենտրոն դիզելային շարժիչով ավտոմեքենաների մուտքը
Հռոմի իշխանությունները 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն: Այդ մասին հայտարարել է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինյա Ռաջին:
«Հռոմը որոշել է աշխատել Մեխիկոյի հետ առաջին շարքերում, 2024 թվականից Հռոմի կենտրոնում արգելվելու է դիզելային շարժիչով մասնավոր ավտոմեքենաների օգտագործումը»,- գրել է Ռաջին իր Facebook-ում:
Իր որոշման մասին նա հայտարարել է C40-ի խմբի՝ Մեքսիկայի մայրաքաղաքում ընթացող կլիմայական գագաթնաժողովում. C40-ի մեջ մտնում են աշխարհի 92 խոշորագույն քաղաքներ:
«Մեր քաղաքների առջեւ ծառացած են անհավանական խնդիրներ: Մենք ավելի ու ավելի հաճախ ենք դառնումէքստրեմալ երեւույթների ականատեսներ. երկարատեւ երաշտը, ինչպես դա տեղի է ունենում Լացիոյում (Իտալիայի մայրաքաղաքային մարզ), տեղումները, երբ մեկ օրում կարող են արձանագրվել մեկ ամսվա տեղումներ, եւ արտասովոր ձնատեղումները հարթավայրային շրջաններում, որոնք ներկայում ծածկել են Իտալիան: Ուստի մենք պետք է արագ գործենք»,-հայտարարել է Ռաջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: