«Մենք չենք վիճարկում Սերժ Սարգսյանի հայտարարությունը». Նիկոլ Փաշինյան

«Քննարկումները շարունակվում են, և դրանց արդյունքում կլինեն որոշումներ: Դուք գիտեք, որ արդեն մարտի 5-ին նշանակված ա հանդիպում քաղաքացիական ակտիվիստների հետ: Էդ քննարկումների արդյունքում էլ ես, իհարկե, ասել եմ և ասում եմ, որ պատրաստ եմ իմ անելիքն անել Ազատության հրապարակում: Եվ հույս ունեմ, որ այս թեմայի շուրջ մենք «Ելք» դաշինքում կունենանք կոնսենսուս, համաձայնություն և շատ կոնկրետ գործողություններով կանենք էն, ինչ պարտավոր ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով իր` Ազատության հրապարակ գործուղվելու հարցը:

Ըստ նրա` իր ընտանիքն ասել է, որ պատրաստ է իրեն գործուղել հրապարակ. «Դա չի նշանակում, որ ինձ տնից դուրս են արել»:

Թե ինչո՞ւ նախ դաշինքի թիմակիցների հետ չի քննարկել Ազատության հրապարակ գնալու հարցը, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ իր ընտանիքն իր հետ շատ երկար և բարդ ճանապարհ է անցել` կապված Ազատության հրապարակի և դրանից բխող գործընթացների հետ, և իր ընտանիքի կարծիքն իր համար շատ կարևոր է, քանի որ հասկանալի է, թե ինչի կարող են հանգեցնել այս գործընթացները:

Ն.Փաշինյանը նշեց, որ «Ելք» դաշինքում միշտ ամեն ինչի վերաբերյալ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն հակասություններ, բայց կարողացել են հարցերը քննարկել ու արդյունքում գալ համաձայնության:

Նա հայտարարեց, որ պատրաստ է երրորդ անգամ բանտ նստել՝ հանուն իր սկզբունքների, եթե քաղաքական անհրաժեշտությունը լինի:

Պատգամավորի կարծիքով՝ Ազատության հրապարակ գնալու անհրաժեշտությունը կա, և ժողովուրդը պետք է իմանա, որ կարող է դուրս գալ փողոց և վերջ դնել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի հնարավոր պաշտոնավարման խայտառակ պրոցեսին.

««Ելք խմբակցությունը հստակ որոշել է, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումն իր համար անընդունելի է: Ընդ որում` այս դիրքորոշումը բխում է «Ելք» դաշինքի հիմնարար փաստաթղթից, «Ելք» խմբակցության ընդունած հայտարարության նախագծից և ընդհանրապես իր քաղաքական աշխարհայացքից»:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ Ս.Սարգսյանը հանրաքվեից առաջ պաշտոնապես հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, նախագահի պաշտոնում, և կարծում է, որ երրորդ անգամ որևէ անձի կողմից պետության կառավարողի դերին հավակնելը սխալ է. «Եթե Սերժ Սարգսայնը պիտի հայտարարի, որ ինքը ստախոս ա և քաղաքական ժուլիկ, թող հայտարարի: Սրա մասին ա խոսքը»:

168.am-ի դիտարկմանը, որ հանրապետականներն ասում են, թե սահմանադրական հանրաքվեի, ընտրությունների արդյունքները չվիճարկելը «Ելքի» այսօրվա օրակարգը կեղծ է դարձնում, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Մենք չենք վիճարկում նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Էդ ենք ասում: Երեկ Արամ Սարգսյանն ասել էր, որ մեր և Սերժ Սարգսյանի միջև կա կոնսենսուս, որ ինքը ստանձնել է պաշտոնական պարտավորություն: Մարդը պաշտոնապես հայտարարել է, որ՝ չեմ լինելու վարչապետ, չեմ լինելու նախագահ, և երրորդ անգամ որևէ մեկի կողմից պետությունը ղեկավարելը սխալ ա»:

Տեսանյութեր

Լրահոս