«Սա համարում եմ Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամեծ խաբեությունը». Նիկոլ Փաշինյան
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ուխտադրուժ կերպով տիրանալ ՀՀ-ի վարչապետի պաշտոնին»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ 2014 թվականի ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ «ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին ՀՀ-ում»:
«Հիմա ակնհայտ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում, ընդ որում, պատրաստվում են այդ առաջադրումն իրականացնել մեզ հայտնի՝ «սղղցնելու» ձևաչափով: Բանն այն է, որ այս տարվա առաջին օրերին, Սահմանադրական դատարանի մասին 10 օրենքանոց փաթեթում իրականացվել է մի այնպիսի փոփոխություն, որ փոխվել են վարչապետի ընտրության ժամկետները:
Եթե ըստ նախկին օրենքի՝ ապրիլի 9-16-ը պետք է տեղի ունենար վարչապետի առաջադրում, իսկ ընտրությունը տեղի ունենար մայիսի 2-ին տեղի ունեցող քառօրյայում, հիմա այդ փոփոխության պարագայում հնարավոր է մինչև ապրիլի 16-ն ակնարկներ անել, իսկ ապրիլի 16-ի երեկոյան՝ Սերժ Սարգսյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, իսկ հաջորդ օրն առավոտյան ԱԺ-ում իրականացնել ընտրություն, որ հանրությունը չիմանա՝ ինչ է կատարվել:
Սա համարում եմ Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամեծ խաբեությունը: Նույնիսկ միամիտ հայ ժողովրդին որևէ մեկը չի կարողանա խաբել, եթե ժողովուրդը որոշի, որ թույլ չի տալիս դա»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: