«Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ-ի առաջնորդը լինելուց, շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին». Վահրամ Բաղդասարյան
Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներին հարց ուղղեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերաբերյալ նրա արած հայտնի հայտարարության վերաբերյալ:
Նույն հարցը Ն. Փաշինյանն ուղղեց նաև «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին. «2014 թվականին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասնագիտական անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ «ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Արդյոք հանրությունը պե՞տք է Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը լուրջ վերաբերվի»:
Ի պատասխան՝ Վ. Բաղդասարյանն ասաց. «Բնականաբար, ես լուրջ եմ վերաբերվում ՀՀ նախագահի յուրաքանչյուր հայտարարության, բայց դու պետք է ի նկատի ունենաք, որ մենք հավակնություններով և ցանկություններով առաջ չենք շարժվում: ՀՀԿ-ն այսօր վերցրել է երկրի և ժողովրդի պատասխանատվությունը, և մենք պետք է գտնենք, թե ով է նպատակահարմար այդ ղեկը ստանձնել, և ոչ թե պետք է շարժվենք, թե ով ինչ հավակնություն ունի: Տվյալ պարագայում՝ Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ-ի առաջնորդը լինելուց, շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին»:
Ն. Փաշինյանը ճշտեց. «Նշանակո՞ւմ է արդյոք Ձեր այս հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանի հետագա հայտարարությունների իսկությունը պարզելու համար մենք պետք է նրանից տեղեկանք վերցնենք, թե արդյոք նա՝ որպես ՀՀԿ-ի շարքային անդամ, այդ հայտարարությունը համաձայնեցրե՞լ է կուսակցության հետ, թե՞ ոչ»:
Վ. Բաղդասարյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ազատ է իր հայտարարությունների մեջ, բայց յուրաքանչյուր պարկեշտ քաղաքական գործիչ պարտավոր է ենթարկվել քաղաքական որոշումներին: