Բաժիններ՝

Սևանցի Վարազդատ Հակոբյանը ճանաչվել է «Դյուցազնագրքի» հերոս

Այսուհետ «Դյուցազնագրքի» էջերը հարստացել են եւս մեկ հերոսի՝ սեւանցի ծանրամարտիկ, եռամարտի չեմպիոն Վարազդատ Հակոբյանի անունով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքում» գրանցվել է 260-կիլոգրամանոց ծանրաձողը պոկելու համար՝ սահմանելով եռամարտի նոր ռեկորդ՝ գերազանցելով իր նախորդ ռեկորդը՝ 250-կիլոգրամանոց արդյունքը:

«Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան Վարազդատ Հակոբյանը ծանրամարտով զբաղվել է 12 տարեկանից: Մարզիչ Յուրա Սարգսյանի սանը գրանցել է մեծ հաջողություններ, եւ ճանապարհները նրան բերել են Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ: Ուսումնառությանը զուգահեռ՝ Վարազդատը շարունակել է իր մարզումները, ուժերն է փորձել ուժային եռամարտում, եւ արդյունքն էլ երկար սպասեցնել չի տվել:

2016 թվականին Վարազդատը ճանաչվել է եռամարտի ՀՀ առաջնության չեմպիոն, իսկ 2017-ին դարձել է կրկնակի չեմպիոն: Դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ միջոցառման ժամանակ նա սահմանել էր եռամարտի ռեկորդ` տեղից պոկելով 250-կիլոգրամանոց ծանրաձողը: ՀՀ պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի առաջարկով՝ Վարազդատ Հակոբյանը հայտ ներկայացրեց «Դյուցազնագրքին»:

Վերջերս Երեւանում պոկելով 260-կիլոգրամանոց ծանրաձողը՝ Վարազդատը գերազանցեց իր իսկ սահմանած 230 կգ եւ 250 կգ ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա մայիսի 15-ին Ուկրաինայի Լուցկ քաղաքում Վարազդատ Հակոբյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս