Բաժիններ՝

Հայկական 3 հավելված՝ առօրյա հոգսերը թեթևացնելու համար

Եթե տարիներ առաջ շատ բարդ էր գտնել հայալեզու հավելված-օգնականներ, ապա հիմա այդ խնդիրը գրեթե լուծված է: Տարեցտարի Հայաստանում ավելանում են ծառայություններ, որոնք նպատակ ունեն հեշտացնել օգտատերերի կյանքը:

Հայկական մի շարք հայտնի հավելվածների կողքին (gg, Menu.am, Zangi և այլ) կան համեմատաբար նոր հավելվածներ, որոնք հեշտացնում են առօրյան՝ առաջարկելով հեշտ, արագ և օգտակար լուծումներ: 168.am-ն առանձնացրել է հայկական 3 հավելված, որ օգնում են թեթևացնել առօրյա հոգսերը:

Earlyone

Earlyone հավելվածի միջոցով կարող եք մոռանալ անվերջ թվացող հերթերի մասին և ամրագրել ձեր տեղը նախապես: Earlyone-ում նշում են, որ իրենց նպատակն է՝ խնայել մարդկանց ժամանակը և ստեղծել արդյունավետ համագործակցություն ծառայություններ մատուցող ընկերությունների և սպառողների միջև:

Կարդացեք նաև

 

Ընկերությունը համագործակցում է հայաստանյան բանկերի, բջջային օպերատորների սպասարկման կենտրոնների, պետական հաստատությունների, ինչպես նաև՝ ապահովագրական ընկերությունների հետ: Նախապես ստանալով հերթի օնլայն կտրոնը՝ օգտատերերը կարող են իրենց հերթում անցկացվելիք ժամանակն օգտագործել այլ գործերի համար:

Հավելվածի թարմացված տարբերակն առաջարակում է նոր գործառույթներ, որոնք էլ ավելի են հեշտացրել օգտատերերի գործը: Հավելվածն օգտագործելիս՝ կարող եք ընտրել ձեր երկիրը, քաղաքը, ինչից հետո ձեզ կառաջարկվի ամենամոտ մասնաճյուղը: Եթե ձեր ընտրած ժամին մասնաճյուղում աշխատանքը շատ ծանրաբեռնված է, հավելվածն առաջարկում է մեկ այլ ժամ, երբ ձեզ կսպասարկեն առանց հերթի: Բացի այդ, այժմ օգտատերերը հատուկ ստեղնի միջոցով կարող են տեղեկացնել, որ մի փոքր ուշանում են:

Հավելվածը հասանելի է թե՛ iOS-ի, և թե՛ Android-ի օգտատերերի համար, այն անվճար է:

Բացի Հայաստանից, հավելվածը գործում է նաև մի քանի բելառուսական և վրացական քաղաքներում:

Helpin

Հայկական Helpin ստարտափը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր չեն կողմնորոշվում, թե ուր է պետք գնալ ընկերների հետ, ովքեր չգիտեն, թե ինչ նոր սրճարաններ կան Երևանում, կամ որտեղ է նպատակահարմար վերանորոգել մեքենան: Helpin-ը խմբագրում է առկա բոլոր կարծիքները:

Հավելվածում բոլոր վայրերը դասավորվում են՝ ըստ օգտատերերի կարծիքների և գնահատականի: «Ընտրեք ցանկացած խումբ՝ Սնունդ, Գեղեցկություն, Հոթել, Շոփինգ, Երեխաների համար, Ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև՝ ցանկացած այլ խումբ, և կտեսնեք լավագույն վայրերը՝ դասավորված՝ ըստ գնահատականի»,- առաջարկում են հավելվածի հեղինակները:

Ստարտափի համահիմնադիր Ամատունի Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենք նպատակ ունեն հավելվածը դարձնել օգտատերերի օգնական, որպեսզի մարդկանց համար հեշտ լինի կողմնորոշվել՝ հիմնվելով մյուսների կարծիքների վրա: «Հավելվածի միջոցով կարող եք հետևել տարբեր կարծիքների: Ոչ թե հարցնել ընկերոջը, այլ ամբողջովին անծանոթ մարդկանց: Սա կօգնի որոշում կայացնել ոչ թե ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքի հիման վրա, որը կարող է սխալ լինել, այլ տարբեր մարդկանց կարծիքներով»:

Ըստ Ամատունի Մովսիսյանի՝ շատ կարևոր է օգտատերերի դերը, քանի որ հավելվածն օգտագործելիս նրանք պետք է գրեն իրենց անկեղծ կարծիքներն այցելած վայրերի մասին:

«Հավելվածը լավ հնարավորություններ է տալիս նաև բիզնեսներին, ովքեր կարող են տեղեկություններ տալ իրենց մասին: Հավելվածի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ոչ միայն առաջարկում է հարմար վայրեր, այլև ցույց է տալիս ձեզ ամենամոտ կետերը, և՝ ինչպես է պետք հասնել դրանց»:

inOne

inOne hավելվածը զեղչի և կուտակային քարտերի բջջային դրամապանակ է, որը օգնում է թվայնացնել զեղչի, կուտակային և անդամակցության քարտերը և պահել դրանք սմարթֆոնում։

Օգտատերերը մեկ էջում կարող են տեսնել տարբեր բրենդային խանութների նորությունները և հատուկ առաջարկները։

Համակարգը միավորել է բրենդային խանութների, սպորտային ակումբների և դեղատների հաճախորդներին մեկ հավելվածում։

inOne-ում նշում են, որ իրենց հավելվածի միջոցով հնարավոր է թեթևացնել ձեր դրամապանակը, մշտապես օգտվել ձեզ տրամադրված զեղչից, չմտածել քարտը մոռանալու կամ կորցնելու մասին, տեղեկանալ բրենդային խանութների նորություններին մեկ էջից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս