
Արևելյան Գութայում սկսել է գործել առաջին հումանիտար դադարը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում սկսել է գործել առաջին հումանիտար դադարը։ Վաֆիդին բնակավայրում խաղաղ բնակչության ընդունման համար կազմակերպվել է միակ «հումանիտար միջանցքը», որը Դամասկոսը կապում է Արեւելյան Գութայի հետ:
Հումանիտար միջանցքի ելքի մոտ ներկա են ռուսական զինվորական ոստիկանությունը եւ սիրիական բանակի զինծառայողները: Ալ Դուվեյր բնակավայրի մերձակայքում ծավալվել է շարժական բժշկական կետ, պատրաստված են ավտոբուսներ խաղաղ բնակիչներին ժամանակավոր նշանակման վայր հասցնելու համար: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Արեւելյան Գութայում, սկսած փետրվարի 27-ից ամեն օր ժամը 09:00-ից մինչեւ 14:00-ն կսահմանվի հումանիտար դադար մարտական գործողությունների գոտուց խաղաղ բնակչության դուրսբերման համար:
«Այդ ժամանակաընթացքում սիրիական կառավարական զորքերը կդադարեցնեն ահաբեկիչներին հարվածներ հասցնելը»,- նախօրյակին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: