2008թ. մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ «Ելքի» հայտարարության նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Մենք Ազգային ժողովին առաջարկել ենք հայտարարություն ընդունել 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակություն չի տվել իրենց նախագծին. «Կազմակերպված լսումներին ՀՀԿ-ականներն ասում էին, որ Մարտի 1-ի դասերը պետք է սերտվեն, մեղավորները պետք է պատժվեն: Մեր նախագիծը հենց դրա մասին է: Եթե ՀՀԿ-ն իրոք ուզում է, որ հաղթահարվի Մարտի 1-ի բեռը, պետք է կողմ քվեարկի, սա նշանակում է՝ կողմ քվեարկի, որ հարցը մտնի օրակարգ ու քննարկվի»:
ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը ևս առաջարկեց կողմ քվեարկել, որպեսզի հարցը ևս մեկ անգամ քննարկվի. «Ե՛վ հանձնաժողովում, և՛ լսումների ժամանակ մենք կարողացանք դետալացված և մանրամասն ներկայացնել հայտարարության մեջ ներկայացված 5 կետերից յուրաքանչյուրը: Մենք առանձին-առանձին հիմնավորեցինք, որ այդ կետերը որևէ կերպ ուղղված չեն մեր մտահոգությունները փարատելուն, բայց առաջարկում եմ՝ քննարկման առարկա դարձնենք այս հարցը»:
Իշխող խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու. «Մեր գործընկերները մի փոքր առաջ են ընկնում՝ առանց մեր կարծիքն իմանալու, և քանի որ իրենք այլ հնարավորություն չունեն արտահերթ և հրատապ ռեժիմով բերելու, ՀՀԿ-ն առաջարկում է՝ ևս մեկ անգամ քննարկման առարկա դարձնենք այս հարցը, որպեսզի բացեր չմնան: Առաջարկում եմ կողմ քվեարկել»:
Նշենք, որ հայտարարության նախագիծը քվեարկության արդյունքում ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ: