Բաժիններ՝

«Համարձակ քայլ է հայերեն երգելը, քանի որ ոչ բոլորը կհասկանան, թե ինչի մասին է երգը». միջազգային ԶԼՄ-ներ

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Սևակ Խանաղյանի ելույթին անդրադարձել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվամիջոցները: Իսպանական Vanitatis կայքում նշվում է. «Սևակ Խանաղյանը հայալեզու  «Քամի» երգով հաղթեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծում` հնարավորություն ստանալով Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում ներկայացնել Հայաստանը: Նա 12-ական միավոր ստացավ ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ` հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Աղյուսակում նրան հաջորդեցին «Նեմրա» ռոք խումբը, Ամալյա Մարգարյանը, իսկ Կամիլ շոուն իր «Պուերտո Ռիկո» երգով զբաղեցրեց չորրորդ տեղը»,-գրված է կայքում:

WIWIBLOGGS-ը գրում է, որ Սևակ Խանաղյանը ֆավորիտ համարվող «Քամի» երգով բացել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը: Wiwi բլոգեր Դեբանը երգի մասին ասել է. «Սևակը փորձառու վոկալիստ է, որը երգեցողության բազմամյա բեմական փորձ ունի ինչպես հայրենիքում, այնպես էլ` արտասահմանում: Համարձակ քայլ է հայերեն երգելը, քանի որ ոչ բոլորը կհասկանան, թե ինչի մասին է երգը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նրա հզոր վոկալային տվյալները»,- նշել է նա:

«Եվրատեսիլ 2018»-ի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է Սևակ Խանաղյանի Հայաստանը Լիսաբոնում ներկայացնելու մասին լուրը: Կայքում նշվում է, որ Սևակ Խանաղյանը միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծում: Երգչի մասին համառոտ ակնարկում նշվում է, որ չնայած երկարատև և բեմական փորձին` նրան լայն ճանաչում է բերել ուկրաինական X-ֆակտոր նախագիծը, որտեղ Սևակ Խանաղյանը հաղթել է:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

Կարդացեք նաև

63-րդ մրցույթի մասնակից երկրների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ:

«Եվրատեսիլ-2018»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս