«Ամերիկյան քաղաքականության հիմնական նպատակներից մեկը հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումն է»
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայ-թուրքական արձանագրություններից որևէ ակնկալիք չունի։ 168.am-ի հետ զրույցում թուրքագետն ասաց, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական իրողության վրա է հիմնված, որը, ըստ նրա՝ շատ պարզ է.
«Նրանք հետևյալ կերպ են մտածում՝ Հայաստանը չունի ելք դեպի ծով, Հայաստանի 4 հարևաններից երկուսը սահմանը փակել են նրա հետ, Հայաստանում տնտեսական զարգացումը չի կարող շատ արագ լինել։ Դրա համար Թուրքիային ձեռնտու է սահմանը հնարավորինս փակ պահել՝ Հայաստանի վրա ճնշում բանեցնելու համար։ Թուրքերը շահագրգռվածություն չունեն Հայաստանի հետ որևէ խնդիր լուծել, շահագրգռված չեն մեր տնտեսության մեջ, դրա համար մտածում են՝ սահմանը փակ պահենք, թող քիչ զարգանան, երբ մտածեն, որ իրենց միակ փրկությունը մենք ենք, թող գան մեզ մոտ և կատարեն մեր դրած պայմանները՝ Արցախի հարցիում զիջումներ, Ցեղասպանության հարցում զիջումներ, Կարսի պայմանագրի հարցում զիջումներ։ Թուրքիայում մտածում են, որ, եթե Հայաստանը զիջումների չգնա, իրենք էլ չեն փոխի իրենց մոտեցումը»։
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, Սաֆրաստյանը հետևյալն ասաց. «Երբ Թուրքիան գնում՝ մի երկրի տարածք է գրավում, ու իր հետ ոչինչ չի լինում, սա նրա համար փոքր հարց է։ Իհարկե, սա ազդում է Թուրքիայի իմիջի վրա, բայց մենք տեսնում ենք, որ ոչ ոք լրջորեն Թուրքիային չի քննադատում դրա համար։ Ոչ ոք պատժամիջոցներ, պահանջներ չի դնում»։
Թուրքագետն այն կարծիքին է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի միայն այն դեպքում, եթե սկսի թուլանալ. «Ամերիկյան քաղաքականության հիմնական նպատակներից մեկը մեր տարածաշրջանում հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումն է։ 1992թ., երբ ԱՄՆ առաջին պաշտոնյան՝ Բեքերը, եկավ Հայաստան, նա այդ խնդիրը դրեց, որ իրենք շահագրգռված են, և անընդհատ ամերիկացիները թուրքերից պահանջում են։ Եթե նրանք թուլանան, կարող է՝ զիջեն»։
Մեր հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Թուրքիայի թուլացումը, Սաֆրաստյանն այսպես պատասխանեց. «Նրանք ներսից պետք է թուլանան։ Քաղաքական առումով Էրդողանը կարողացել է մնալ միանձնյա առաջնորդ, մնացած կուսակցությունները չեն կարողանում նրան որևէ վտանգ սպառնալ։ Բայց Թուրքիայի ներսում տարբեր շարժումներ, այդ թվում՝ հեղաշրջման փորձը, ցույց են տալիս, որ երկրի ներսում դժգոհություն կա։ Գուցե դա զանգվածային ձևով արտահայտվի, և Էրդողանի իշխանությունը թուլանա։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ներգրավվում է Սիրիայում, որոշակի ժամանակ հետո, եթե զոհերի թիվը շատանա, դա կարող է բերել դժգոհություններ։ Հիմա դեռևս նրան հաջողվել է բոլոր հիմնական քաղաքական ուժերին համախմբել իր կողքին, բայց Սիրիայում տեղի ունեցող վերջին ռազմական գործողությունների սկզբի շաբաթների ընթացքում Թուրքիայում 600-ից ավելի մարդ է ձերբակալվել, որոնք դեմ են եղել, սոցիալական ցանցերում քննադատել են։ Այսինքն՝ դժգոհություններ կան»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ, շարունակաբար, որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում՝ Հայաստանն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առոչինչ: «Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- ասել էր նախագահը։