«Եթե սա իրականանա, ապա 21-րդ դարում ականատես կլինենք Թուրքիայի կատարած հերթական ցեղասպանությանը». Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ քաղաքական գործընթացները Սիրիայում մեծ հարված ստացան, երբ տեղի ունեցավ թուրքական ագրեսիան այդ պետության դեմ. «Թուրքական զորքերը խորացան Սիրիայի տարածքում՝ Աֆրինի ուղղությամբ։ Սա բացահայտ ագրեսիա է, և, ցավոք, աշխարհն աչքերը փակեց այս ագրեսիայի վրա, մենք չտեսանք թուրքական գործողությունների որևէ լուրջ դատապարտում ո՛չ խոշոր երկրների, ո՛չ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից»։

Միևնույն ժամանակ՝ թուրքագետը դրական միտումներ է տեսնում Սիրիայում. «Այն, որ հաջողվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունել միաձայն բանաձև՝ մեկ ամսով դադարեցնել ռազմական գործողությունները, նշանակում է, որ երկրների միջև ձեռք է բերվել որոշակի համաձայնություն։ Սա հուսադրող է, և ես սա կապում եմ նաև այն հանգամանքի հետ, որ ամերիկյան և ռուսական զորքերը կարողանում են որոշ առումով համաձայնության գալ և պահպանել այն։ Սկսում է գործել կարմիր գծերի դիվանագիտությունը Սիրիայում։ Այսինքն՝ որոշակի շրջանակներում հնարավորություն է տրվում հիմնական խաղացողներին՝ իրենց նպատակներն իրականացնել, բայց դրվում է նաև կարմիր գիծ, որը չպետք է անցնել։ Եթե կարմիր գիծն անցնում են, տեղի են ունենում զինված բախումներ»։

Թուրքագետի կարծիքով՝ կողմերը փորձում են հարցը լուծել խաղաղ ճանապարհով. «Այս ֆոնի վրա է, որ Թուրքիայի բացահայտ օկուպացիան խախտեց այս ընդհանուր միտումը, բայց հնարավորություն կա այս ագրեսիան որոշակի շրջանակների մեջ պահելու։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման և որոշակի կոմպրոմիսների խնդիրը մեկ մակարդակ ավելի ցածր է իջեցվել, տեղի են ունենում երեք խմբով բանակցություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։ Սպասվում է, որ մինչև մարտի կեսերն այդ բանակցությունները կավարտվեն, և, եթե հաջողությամբ ավարտվեն, ապա որոշակի որոշումներ ավելի բարձր մակարդակով կընդունվեն։ Հաջողվեց գոնե մինչև մարտի կեսերը թուրքական ագրեսիան կանգնեցնել»։

Թուրքիայի վերջնական նպատակը, ըստ Սաֆրաստյանի՝ այն է, որ դեպի Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ «անվտանգության գոտի» ստեղծի. «Դա նշանակում է՝  երկու տասնյակ հազար կմ-ից մոտ 24 հազար կմ տարածությունը դարձնել անմարդաբնակ, կամ ոչնչացնել, կամ վռնդել քրդական բնակչությանը։ Եթե սա իրականանա, ապա 21-րդ դարում ականատես կլինենք Թուրքիայի կատարած հերթական ցեղասպանությանը»։

Տեսանյութեր

Լրահոս