
Ֆրանսիայում կմեծացնեն գայլերի պոպուլյացիան

Ֆրանսիայի իշխանությունները թույլ կտան գայլերի պոպոլյացիայի մեծացում՝ 360-ից մինչեւ 500: Այդ մասին հայտնել է BBC News-ը: Գայլերի թվաքանակի ավելացման պլանը նախատեսված է մինչեւ 2023 թվականը: Այն կիրականացնեն, չնայած ֆերմերների բողոքներին, որոնք անհանգստանում են ընտանի անասունների համար:
Անցյալ դարի 30-ական թվականներին որսորդները գայլերին բնաջինջ արեցին Ֆրանսիայի տարածքում: 90-ական թվականներին դրանք վերստին երկիր ներթափանցեցին Իտալիայից: Գայլերի պոպուլյացիան պաշտպանված է Բեռնի կոնվենցիայով, որը Ֆրանսիան ստորագրել է: Գայլերը բնաջնջվել էին Եվրոպայի մի քանի երկրներում, բայց վերջին տարիներին դրանց թվաքանակն աճում է:
Գերմանիայում ապրում է գայլերի շուրջ 60 ոհմակ, իսկ դրանց քանակը մեկ տարում աճել է 15 տոկոսով: Հունվարին Բելգիայի Ֆլանդրիայում գայլեր են նկատել ավելի քան հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: