Բաժիններ՝

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով, ինչը ԵԱՏՄ անդամակցության պայմաններում կարևորագույն գործոն է ՀՀ մրցունակության աճի առումով: Այդ մասին նշված է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացված հետազոտության մեջ:

Ըստ ակումբի փորձագետների՝ Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-արտահանում 30 տոկոս հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը: «2017-ի ընթացքում Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ կազմելով 2,2 մլրդ դոլար: Առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը: Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը 3 մլրդ-ի հասցնելու համար»,- նշված է հետազոտության մեջ:

Հիմնականում դեպի ԵԱՏՄ շուկաներ 2017-ին արտահանումն աճել է քիմիական և դեղագործական արդյունաբերության (71,4 տոկոս), փայտամշակման արտադրության (50,5 տոկոս), տեքստիլի և տեքստիլ արտադրության (25 տոկոս) և սննդի պատրաստի արտադրանքի (27 տոկոս) ոլորտներում:

«Անհրաժեշտ է նշել, որ 2017 թ. արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 44,6 տոկոսով, որը ԵԱՏՄ-ում մեր առանցքային գործընկերն է: 2017թ. ՀՆԱ-ի աճը գերազանցել է 5 տոկոսը, նախնական հաշվարկներով կազմելով 5,4 տոկոս, ինչն էապես բարձր է պլանավորված 3,2 տոկոս աճից: Նկատվում է արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճ: Դեպի Ռուսաստան արտահանման աճն ընթանում է առաջանցիկ տեմպերով»,- ասված է հետազոտության մեջ:

Փորձագետներն ընդգծել են, որ ավելացել է նաև դեպի ԵՄ կատարվող արտահանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս