
«Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ». Սիրիայի արևելյան Ղութայի բնակիչ

Սիրիայում կրկին խախտվել է զինադադարը: Կան նոր զոհեր: ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել ռմբակոծումները և վերականգնել զինադադարը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Սիրիայում արդեն մի քանի օր է խախտվում է զինադադարը: Կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսից ոչ հեռու գտնվող Ղութայի արևելյան շրջանը: Այս հատվածը, որի բնակչությունը կազմում է մոտ 400 հազար մարդ, ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից է:
Ռմբակոծումների արդյունքում գրանցվել են բազմաթիվ զոհեր: Սիրիայի հակամարտությամբ զբաղվող մարդու իրավունքների խումբը հաղորդում է, որ զինադադարի վերջին խախտումների արդյունքում զոհվել է առնվազն 426 մարդ, որոնցից մոտ հարյուրը երեխաներ են: ՄԱԿ-ի տրամադրած տվյալների համաձայն փետրվարի 19-ից զոհերի թիվը հասնում է 300-ի:
«Ես չգիտեմ, որտեղ հուղարկավորեմ զոհված որդուս, շարունակվող ռմբակոծումների ու հրետակոծումների պատճառով: Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ»,- ասում է որդուն կորցրած մի տղամարդ:
ՄԱԿ-ը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռմակոծումներն արևելյան Ղութայում ու վերադառնալ զինադադարի ռեժիմին, որին պետք է հաջորդի անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումը տուժածներին ու տեղի բնակչությանը:
«Զինադադարին պետք է հաջորդի արևելյան Ղութայում անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումն ու բժշկական օգնության նպատակով տարհանումը: Հատուկ բանագնացը կոչ է անում Ասթանայի գործընթացի երաշխավորներին հրավիրել հրատապ հանդիպում և վերականգնել զինադադարը: Նա զգուշացնում է, որ Հալլեպի նախադեպը չի կարող կրկնվել»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ալեսանդրա Վելուչին:
Հիշեցնենք, որ Ասթանայի գործընթացի երեք երաշխավոր պետություններն են Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը: Սիրիայում զինադադարի վերականգնումը կքննարկի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: