Բրյուսելի նուրբ ակնարկը Երևանին. ուշագրավ քայլ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեսահաղորդագրություն է տարածել՝ նվիրված ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններին: Փաստաթուղթը նախօրեին Բրյուսելում ստորագրել են ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Սվիտալսկու քայլն ինքնին ուշագրավ է, մանավանդ, որ Հայաստանի օֆիցիոզ քարոզչությունն ավելի շատ կենտրոնացավ ոչ թե Մոգերինի-Նալբանդյան հանդիպման, այլ` Եվրախորհրդարանում վերջինիս ունեցած ելույթի վրա: Անկասկած է, որ քաղաքական իր նշանակությամբ Մոգերինի-Նալբանդյան հանդիպումը շատ ավելի կարեւոր է, մանավանդ, որ Եվրամիության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն, ըստ էության, արձանագրել են այն առաջնահերթությունները, հիմնասյունները, որոնց շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը կյանքի են կոչելու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Եվ ահա` Սվիտալսկին որոշել է տեսահաղորդագրության միջոցով պատմել նախօրեին ստորագրված փաստաթղթի բովանդակությունը: Ըստ ամենայնի, Բրյուսելում գիտակցում են, որ թեեւ Սերժ Սարգսյանն է շրջանակային համաձայնագրի հիմնական շահառուն, Հայաստանի իրական եվրաինտեգրում հնարավոր է միայն հասարակության սուբյեկտության պարագայում:

Մյուս կողմից` Եվրամիության պաշտոնյաները հասկանում են, որ Հայաստանի իշխանություններին Բրյուսելից պետք է փող եւ լեգիտիմություն ու փորձում են Երեւանի եւ Բրյուսելի երկխոսությունն ու օրակարգը դարձնել հնարավորինս թափանցիկ` հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական գործընկերների շրջանակն ընդլայնելու նպատակով: Արդյոք Սվիտալսկու ինֆորմացիոն տեսահաղորդագրությունը Երեւանի եւ Բրյուսելի ընդհանուր, փաթեթային համաձայնությունների մի մասն է, թե՞ Սվիտալսկին կամ Եվրամիությունն ուղղակի հաղորդակցություն են փնտրում մեր հասարակության հետ` իշխանություններին բավարար չափով չվստահելու հետեւանքով:

Անշուշտ, դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, սակայն Սվիտալսկին երեկ, ըստ էության, ներկայացրել է Հայաստանի եւ Եվրամիության գործընկերության, երկխոսության չորս հիմնասյունները, որոնց շարքում հատկապես կարեւորել է լավ կամ արդյունավետ կառավարումը, ընտրական օրենսդրության բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, էներգետիկ անկախությունը: Սրանք թեմաներ են, որոնց «տնային առաջադրանքները» Երեւանը, որպես կանոն, լավ չի կատարում: Հատկապես ընտրությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Հայաստանի եւ ԵՄ ներկայացուցիչների հրապարակային բանավեճերը երբեմն ճգնաժամ են հարուցում Երեւանի եւ Բրյուսելի հարաբերություններում:

Սվիտալսկին երեկ խոսել է հատկապես այս խնդիրների մասին` հասկացնելով, որ դրանց շուրջ առաջընթացն է համարվելու Հայաստանի եվրաինտեգրման հիմնական ցուցիչ, ըստ այդմ` մեր երկրի ֆինանսավորման երաշխիք: Սովորաբար Սվիտալսկու նուրբ ակնարկներին հաջորդում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների պարզաբանումները: Ըստ այդմ` սպասենք Երեւանի արձագանքին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս