
«Թշնամու ատամները փշրել ենք և պիտի փշրենք». Արամ Սիմոնյան

Եթե սեփական հողիդ վրա ուզում ես ապրել ազատ ու երջանիկ՝ պետք է պայքարես: ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով` հայ ժողովուրդը մշտապես պետք է հիշի, որ միայն զենքով, միայն ուժեղ բանակով, ուժեղ դաշնակիցներով եւ միասնությամբ կարող է հասնել իր իղձերի կատարմանը: Արցախահայությունը բազում դարեր դա ապացուցեց` բազում դարեր ապրելով եւ ապրեցնելով նաեւ մյուսներին:
«Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք: Հայ ժողովուրդը միասնական է իր ազատության ձգտման մեջ: Զարմանալ կարելի է, թե ինչպես են միջազգային շատ ատյաններում մի նժարի վրա դնում մեզ` հայ ժողովրդին, որն իր ազատության համար է պայքարում, եւ հարեւան ժողովրդին, որը իր ծննդյան հենց սկզբից արյունարբու քաղաքականություն է վարում»,-ասաց նա:
Արամ Սիմոնյանի խոսքով՝ արցախցին եկավ ապացուցելու, որ այդ արյունարբուի ձեռքը նա կարող է կտրել, հայ ժողովուրդը եկավ ապացուցելու, որ այդ արյունարբու ձեռքն ինքը կարող է վերացնել ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ մյուս հարեւան ժողովուրդների գլխից:
«Մենք պետք է հասկանանք, որ բարեհոգի վերաբերմունքով ազատություն չենք կարող ձեռք բերել եւ պահպանել: Կեցցե արցախահայությունը, կեցցե հայ ժողովրդի ազատական տենչը, կեցցե մեր պետականությունը ՀՀ-ում եւ Արցախում»,-հավելեց նա:
«Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը նվիրված է արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին: