«Մի փաստ ունե՞ք, որտեղ երևում է, որ ցուցարարները հանցանք են գործել». Արարատ Զուրաբյանը՝ Կարեն Բիշարյանին
Այսօր Ազգային ժողովում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը պատմեց, որ մինչև մարտի 1-ն իրենց մասին տեղեկություններ են հավաքվել համապատասխան ծառայությունների կողմից:
«Երբ մենք առաջին անգամ հայտնվեցինք Ազգային անվտանգության մեկուսարանում, մեզ հարցեր էին ուղղվում, մենք պատասխանում էինք, որ սա քաղաքական հետապնդում է, և հրաժարվում էինք որևէ հարցի պատասխանել: Մի հարց հնչել է, որին ես պատրաստ եմ եղել պատասխանել: Հետո քննիչը հասկանալով, որ այս հարցը չարժեր տալ՝ հարցը հանել է: Քրեական գործ հարուցվում է, երբ ինչ-որ գործողություն է լինում ու ավարտվում է: Մինչ այդ գործողությունը, ես՝ լինելով համապատասխան ընդդիմադիր հատվածի գործող անձանցից մեկը, եղել եմ ԱՄՆ-ում, ելույթ եմ ունեցել, հնչել են տարբեր հարցեր, օրինակ, հնչել է հարց՝ ի՞նչ եք կարծում, եթե հանկարծ գործող իշխանությունն ընտրություններում պարտվի, ապա այն պատրա՞ստ է հանձնելու իշխանությունը, թե՞ բանակ, ուժեր կկիրառվեն:
Ես այնտեղ պատասխանել եմ, որ Հայաստանում նման բան հնարավոր չէ, և երբեք բանակը հասարակության դեմ դուրս չի գա: Քրեական գործ չէր հարուցվել, բայց իմ հեռախոսազանգերի հետ կապված, իմ ելույթի հետ կապված՝ համապատասխան մարմինն ինչո՞ւ էր տեղեկատվություն հավաքում և հարցաքննում, քանի որ դեռևս Մարտի 1 չէր եղել: Հիմա եղե՞լ է քաղաքական հետապնդում, թե՞ ոչ, ինչպե՞ս եք գնահատում»,- հարցրեց Ա. Զուրաբյանը:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանն ասաց. «Հարցաքննությունը գործի հանգամանքների հետ որևէ կապ չունի: Ես չեմ տա որևէ գնահատական այն հարցին, որի վերաբերյալ հանգամանքները միայն դուք ենք ներկայացնում, ու ես չգիտեմ՝ դրանք իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե հարցը վերաբերում է նրան, թե առանց հանցագործության դեպքի՝ արդյոք հնարավո՞ր է հետաքննություն իրականացնել, թե՞ ոչ, ես ձեզ պարզաբանեմ, որ բացի քրեական վարույթից՝ գոյություն ունի նաև օպերտաիվ հետախուզական գործունեություն: Սա ընդամենն իրավական պարզաբանում է, և չի նշանակում, որ ես հաստատում եմ այն, ինչ դուք նշում եք, ձեր նկատմամբ իրականացրել են»:
Ա. Զուրաբյանն էլ այսպես արձագանքեց. «Դա ոչ միայն իմ հանդեպ է իրականացվել, այլ՝ բոլորի հանդեպ է իրականացվել: Օպերատիվ աշխատողները, մեզ հետևելու փոխարեն, եթե նկարահանեին այն, ինչ տեղի է ունեցել, ու բերեին մեր աչքը մտցնեին՝ ասեին՝ դուք այստեղ ինչ-որ խախտում եք թույլ տվել… Մի փաստ ունե՞ք, որ երևում է, որ ցուցարարները հանցանք են գործել»:
Ի պատասխան՝ Կ. Բիշարյանն ասաց, որ ինքն իրավասու չէ ներկայացնել՝ ինչ է տեղի ունեցել օպերատիվ հետախուզության արդյունքում: