6 գործոն, որոնք ազդում են կնոջ՝ մայրանալու կարողության վրա
Երեխա ունենալը գրեթե յուրաքանչյուր կնոջ երազանքն է։ Մի խումբ գործոններ կարող են բացասաբար ազդել բեղմնավորման ու հղիության ընթացքի վրա։ Fabiosa.com-ը ներկայացրել է 6 գործոն, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ կնոջ վերարտադրողական առողջության վրա։
Տարիք։ Սա հավանաբար հիմնական գործոնն է, որն ազդում է վերարտադրողական առողջության վրա։ Դաշտանադադարից հետո (դա հիմնականում տեղի է ունենում 45-50 տարեկանում) ձվազատումը դադարում է, ինչի արդյունքում կինն այլևս չի կարող հղիանալ։ Չնայած դաշտանային ցիկլի խանգարումները կարող են սկսվել շատ ավելի վաղ, քան դաշտանադադարը, ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս առավելագույնս երկարացնել վերարտադրողական տարիքը։
Գինեկոլոգիական հիվանդություններ։ Արգանդի միոմա, էնդոմետրիոզ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ… այս բոլոր հիվանդությունները բացասաբար են անդրադառնում կնոջ հղիանալու կարողության վրա, իսկ ծանր դեպքերում կարող են անպտության հետևանք դառնալ։ Աուտոիմունային հիվանդությունները ևս անբարենպաստ ազդեցություն են ունենում կնոջ օրգանիզմի վրա։ Ախտորոշումն ու գրագետ բուժումը մեծացնում են կնոջ՝ երեխա ունենալու հնարավորությունը։
Չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Սպորտով զբաղվելն իսկապես շատ կարևոր է առողջության համար, սակայն խոսքը չափից շատ և հյուծող ակտիվության մասին չէ։ Գեղեցիկ կազմվածք ունենալու համար կանայք շատ բանի են ընդունակ, բայց հարկավոր է նաև հիշել, որ ճարպային հյուսվածքը սեռական հորմոնների սինթեզի վայրերից մեկն է։ Շատ քիչ քանակով ճարպային շերտի առկայությունը կարող է հանգեցնել էստրոգենի արտադրության նվազման, և որպես հետևանք՝ դաշտանային ցիկլի խանգարման։
Ճարպակալում։ Այո՛, ավելորդ ճարպը ևս կարող է բացասական ազդեցություն ունենալ կնոջ վերարտադրողական առողջության վրա։ Ավելորդ քաշի առկայությունը նույնիսկ նորմալ դաշտանային ցիկլի դեպքում կարող է նվազեցնել հղիանալու հավանականությունը։ Վերջերս անցկացված հետազոտություններից մեկը պնդում է, որ ճարպակալմամբ տառապող կանայք առավել հակված են ձվարանների պոլիկիստոզի՝ անպտղության հիմնական պատճառներից մեկի, առաջացմանը։
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ։ Սա մեր ժամանակների ամենամեծ խնդիրներից մեկն է։ Հոնորեա, խլամիդիոզ, տրիխոմոնիազ… այդ հիվանդությունները կարող են հանգեցնել վերարտադրողական համակարգի օրգանների բորբոքման և մի շարք այլ խնդիրների։ Դրանց հիմնական խնդիրն այն է, որ դրանք բավական երկար ժամանակ կարող են ընթանալ առանց որևէ նշանի։
Վնասակար սովորություններ։ Բոլորը գիտեն, որ ծխելն ու ալկոհոլը բացասական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Հղիությունը բացառություն չէ։ Վերարտադրողական առողջության ամերիկյան միության հետազոտության համաձայն՝ ծխախոտը դառնում է անպտղության բոլոր դեպքերի 13 տոկոսի պատճառ, իսկ ալկոհոլի օգտագործումը մեծացնում է ձվազատման խանգարման հավանականությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը