Բաժիններ՝

Հսկիչ դրամարկղային մեքենաների համար մեկ միասնական գին է սահմանվել

Պետեկամուտների կոմիտեն հսկիչ դրամարկղային մեքենաների համար մեկ միասնական գին է սահմանել: Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նշեց, որ հսկիչ դրամարկղային մեքենաների համար 160 հազար դրամ կսահմանվի: «Փոփոխություններից հետո մենք կվերացնենք տարբերակումը: Հին մեխանիզմի արդյունքում կազմակերպությունները, գրանցվելով սահմանամերձ շրջաններում, ստանում էին անվճար ՀԴՄ կտրոններ, որից հետո շատ արագ իրենց բիզնեսը տեղափոխում էին քաղաքի կենտրոն կամ հանրապետության տարբեր մարզեր եւ այսուհետեւ ձեռք էին բերում անվճար ՀԴՄ-ներ, ինչը սակայն պետբյուջի միջոցների հաշվին էր փոխհատուցվում»,-ասաց նա:

Սաքապետոյանի խոսքով` փոքր եւ միջին ձեռնարկատերերին առաջարկվում է 160 հազար դրամանոց հսկիչ դրամարկղային մեքենաները ձեռք բերել տարաժամկետ վճարումով մինչեւ երկու տարի մարման ժամկետով: «Սա էապես փոփոխելու է խաղի կանոնները եւ հնարավորություն է տալիս փոքր եւ միջին ձեռնարկատերերին,առանց որեւէ լրացուցիչ բանկային տոկոսների կամ վճարումների ունենալ հսկիչ դրամարկղային մեքենաներ»,-հավելեց նա:

Նախկինում հսկիչ դրամարկղային մեքենաների համար սահմանված էին 80 հազարից մինչեւ 400 հազար դրամ գումար`կախված կազմակերպության նախորդ տարվա հայտարարագրված շրջանառությունից, եւ կային որոշակի արտոնություններ սահմանամերձ տարածքներում գրանցված կազմակերպությունների համար, որոնց մասով պետությունը հսկիչ դրամարկղային մեքենաները անվճար էր տրամադրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս