
««Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տնօրենը նոյեմբեր ամսից Անահիտ Ծառուկյանն է». Նաիրա Զոհրաբյան

«Իրականում ոչինչ տեղի չի ունեցել։ Եթե լրագրողը չալարեր և կարդար Սահմանադրություն, կհասկանար, որ պատգամավորը, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, չէր կարող կատարել մեկ այլ վճարովի աշխատանք, ուստի Իվետա Տոնոյանը, այո, չէր կարող լինել լրատվականի տնօրեն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե Գագիկ Ծառուկյանն Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից։
«Ինչ վերաբերում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, ապա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տնօրենը նոյեմբեր ամսից Անահիտ Ծառուկյանն է՝ պարոն Ծառուկյանի աղջիկը, որը շատ պրոֆեսիոնալ կատարում է իր պարտականությունները։ Իվետա Տոնոյանը կրկին լինելով պատգամավոր՝ չէր կարող կատարել վճարովի այլ աշխատանք»,- պարզաբանեց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատը վայր դնելուն, ապա Զոհրաբյանը դա կատարյալ անհեթեթություն որակեց. «Իվետա Տոնոյանը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, և ես վստահաբար կարող եմ ասել, որ աշխատանքի այն ծավալն այն որակով և այն պատասխանատվությամբ, որ կատարում է Իվետա Տոնոյանը, ուրիշ ոչ ոք չի կարող կատարել։ Ուստի այդ տեղեկատվությունը ծայրից ծայր համարում եմ անհեթեթություն»։
Նշենք, որ Իվետա Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում նույնպես անհեթեթություն էր համարել այդ լուրերը: