Բուժաշխատողի անունն արատավորելու փորձ կատարած 6 աշխատակիցների տրվել է խիստ նկատողություն
«Գյումրի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից 168.am-ին տեղեկացրին, որ ավարտվել է «Գյումրի բժշկական կենտրոն»-ի էթիկայի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում փետրվարի 17-ին բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննելն ու մասնակից 6 բուժաշխատողների պահվածքին գնահատական հնչեցնելն էր։
Էթիկայի հանձնաժողովը, որը բաղկացած է 11 անդամից՝ փորձառու բժիշկներից, իրավաբանից ու արհմիության նախագահից, լսել է միջադեպին մասնակից ու ականատես դարձած բոլոր բուժաշխատողների բացատրությունները, քննել է նրանց տված բացատրագրերը։
Հանձնաժողովականները խստորեն դատապարտել են բուժաշխատողին ոչ հարիր պահվածքը՝ գտնելով, որ «Գյումրի բժշկական կենտրոն»-ում բուժաշխատողի մասնագիտական էթիկայի նորմերին չհամապատասխանող քննարկումներ են տեղի ունեցել։ Բուժաշխատողի անունն արատավորելու փորձ կատարած 6 աշխատակիցների տրվել է խիստ նկատողություն։
Իրավական գնահատականից անմիջապես հետո (Գյումրի քաղաքի ոստիկանության «Կումայրի» բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել), էթիկայի հանձնաժողովը կքննարկի նաև նրանց աշխատանքային պայմանագրերի փոփոխության հարցը։ Չի բացառվում աշխատանքից հեռացում։
Անահիտ Սիմոնյան