Բաժիններ՝

Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից

Այլ պետություններում հաշվառված մարդատար մեքենաները Հայաստան մուտք գործելիս ազատվել են ճանապարհային հարկից: Նորմը սահմանվել է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով:

«Սա ընդգծված քաղաքականություն է և նպատակ ունի նպաստելու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Իրենց մարդատար ավտոմեքենաներով Հայաստան գալ ցանկացողներն արդեն ստիպված չեն լինի յուրաքանչյուր 15 օրվա համար վճարել ճանապարհային հարկ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նա տեղեկացրեց, որ այս փոփոխության արդյունքում պետբյուջե մուտք չի գործի 2.5 միլիարդ դրամ: «Նախորդ տարի 2.5 միլիարդ դրամի չափով ճանապարհային վճար ենք ունեցել օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցով ՀՀ մուտք գործելու դեպքում»,-հավելեց պաշտոնյան:

Միրումյանի խոսքով` ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը մի քանի տասնյակ դրույթներ է պարունակում, որոնք ենթադրում են հարկման մեխանիզմների կատարելագործում` հօգուտ գործարար միջավայրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս