«2018 թվականին կանխատեսվում է մոտ 17 միլիոն դոլարի ներդրում». Արման Սահակյան
Պետական գույքի օտարումից մուտքերը բյուջե 2017 թվականին կազմել են 685 միլիոն 746 հազար դրամ, որը 2016 թվականի համեմատ՝ աճել է 4.7 անգամ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ամփոփելով 2017 թվականը՝ նշեց, որ ընդհանուր դրամական միջոցները 2017 թվականին կազմել են 2 միլիարդ 46 միլիոն 287 հազար դրամ, որը 2016 թվականի համեմատ աճել է 1.7 անգամ:
Նա ասաց, որ 2017-ին աճուրդների նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ կատարվել են արմատական բարեփոխումներ, արդյունքում՝ աննախադեպ աճել են պետական գույքի աճուրդային վաճառքի քանակական և որակական ցուցանիշները. «Վաճառվող գույքի վերաբերյալ հանրային լայն իրազեկման, ինչպես նաև առանձնացված վայրում (Մերձավան) գույքի ցուցադրությունների կազմակերպման և գույքի վիճակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման շնորհիվ 2016-2017 թվականներին վաճառվել է 704 միավոր տրանսպորտային միջոց՝ 164 միլիոն 165 հազար դրամ ընդհանուր արժեքով: Մրցակցային դաշտի ապահովման շնորհիվ 2017 թվականին տրանսպորտային միջոցների վաճառքի միջին տոկոսը մեկնարկային գնի նկատմամբ կազմել է 117%, 2016 թվականին՝ 103%»:
Նա նաև հայտնեց, որ 2018 թվականի ընթացքում կներդրվի էլեկտրոնային աճուրդների համակարգը: Ա. Սահակյանի խոսքով՝ 54 պայմանագրերով նախատեսված ներդրումային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է 89 միլիոն 315 հազար ԱՄՆ դոլար: Չկատարված ներդրումային պարտավորությունները 2017 թվականին՝ 2016 թվականի նկատմամբ, նվազել են 86 %-ով. «Վարչության կողմից կնքված պայմանագրերի շրջանակում 2018 թվականին կանխատեսվում է 16 միլիոն 849 հազար ԱՄՆ դոլարի ներդրում»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե 17 միլիոն դոլարի ներդրումները որտեղի՞ց են ակնկալվում: Ի պատասխան՝ Ա. Սահակյանն ասաց. «Դրանք տարբեր փուլերի են բաժանված: Դա հիմնականում վերաբերում է «Դվին» հյուրանոցային համալիրին, որտեղ այս պահին էլ աշխատանքներ են գնում: Ես 17 միլիոնը չակերտավոր եմ ասում, որովհետև մենք ավելի շատ ներդրումներ ենք ակնկալում: Ամեն անգամ «Դվին» հյուրանոցային համալիրն իր ներդրումների չափն ավելացնում է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: