
Սամվել Ալեքսանյանի դուստրը խոստացել է 2 միլիոն դոլարի ներդրում անել Արթիկում

Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական էր տվել լիարժեք չօգտագործվող պետական անշարժ գույքերի վերաբերյալ: «Պետական գույքի կառավարման վարչության կողմից գույքագրվել է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը, որոնց մի մասը փաստացի չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ և մասնակի: Միաժամանակ այդ գույքի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով: Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ՝ անհատույց, կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,- նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ այս պահին ունեն առանձնացված 71 չօգտագործվող գույք. «Մենք հանձնարարականն ամբողջությամբ կատարել ենք: Այս պահին արդեն որոշակի ներդրումներ կան: Արթիկում այս պահին գնում են աշխատանքներ, ստեղծվելու է մոտ 500 աշխատատեղ, ինչը բավականին մեծ թիվ է: Գրեթե ամեն ընտանիքից մի հոգի հնարավորություն է ունենալու աշխատել այնտեղ: Եթե գույքը գնահատվում է 25 միլիոն դրամ, մենք ակնկալում ենք, որ գոնե 25 միլիոն դրամի ներդրում լինի»:
Լրագրողների մեկի հարցին՝ Արթիկի ավագ դպրոցը, որը հանձնվել է Սամվել Ալեքսանյանի դստերը, նո՞ւյնպես անհատույց է տրվել, և որքա՞ն ներդրում է նա խոստացել, Ա. Սահակյանը պատասխանեց, որ անհատույց է տրվել, որի դիմաց խոստացվել է 2 միլիոն դոլարի ներդրում. «Դրանք ամբողջությամբ պայմանագրային հարաբերություններ են: Խնդրում եմ՝ չտարանջատենք, թե ում է հանձնված այդ գույքը, եթե կա ներդրում, եթե մարդիկ ուզում են զբաղվել բիզնեսով, ապա պետությունը պետք է խոչընդոտ չհանդիսանա»:
Մանրամասները՝ 168.am-տեսանյութում: