«Չնայած Յան Բրեմերը ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, սակայն արյան կանչով կապեր է միշտ պահպանել և՛ Հայաստանի, և՛ Սիրիայի հետ»

Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահին «Եվրասիա խմբի» նախագահ ու հիմնադիր Յան Բրեմերի կողմից ուղղված հարցը, թե ափսոսո՞ւմ է Սերժ Սարգսյանը, որ 2013 թվականին մերժել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և մտել Եվրասիական միություն, շատ լավ հնարավորություն էր ևս մեկ անգամ ներկայացնելու իրականությունը։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, Հայաստանը միշտ էլ հայտարարել է «և՛-և՛» քաղաքականության մասին, այսինքն՝ այն ժամանակ Հայաստանը կողմ էր ստորագրել փաստաթղթերը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ, իսկ ԵՄ ներկայացուցիչները դեմ էին դրան առաջ քաշեցին «կա՛մ-կա՛մ»-ը։

«Հայաստանը շատ անկեղծ է եղել այդ ժամանակ բոլոր գործընկերների հետ և, բանակցելով ԵՄ-ի հետ, այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին, բանակցելով նաև ԵԱՏՄ անդամ պետությունների հետ անդամակցության վերաբերյալ, տեղեկացրել է եվրոպացի գործընկերներին, այսինքն՝ Հայաստանը խաղի կանոնները պահպանել է և, եթե այդ խաղի կանոններն ինչ-որ կերպ խախտվել են, ապա դրանք չեն խախտվել Հայաստանի իշխանությունների կողմից։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մյունխենյան համաժողովում այս հարցը հնչեց և եվրոպական այդ բարձր ամբիոնից հնչեց այս հարցի պատասխանը ևս, և բոլորը հասկացան հավանաբար, թե ինչպես է եղել այդ ամբողջ պատմությունը»,- ասաց Ս. Սարգսյանը։

Անդրադառնալով ռուս-թուրքական սիրո և դրանից ՀՀ հնարավորությունների մասին Բրեմերի դիտարկմանը՝ փորձագետը նշեց, որ «ռուս-թուրքական սեր» հասկացությունը չափազանց փոփոխական երևույթ է, որովհետև ռուս-թուրքական հարաբերությունները վերջին մի քանի տարիներին ծայր աստիճան լարվելուց մինչև ծայր աստիճան բարեկամական բնույթ են կրել.

«Չմոռանանք, որ երկու պետություններն էլ փայլուն հասկանում են միջազգային խնդիրներում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Արաբական աշխարհում, ընդհանուր առմամբ տեղի ունեցող իրադարձություններում միմյանցից կախվածությունը, դրանից զատ ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի իր շահերը, Ռուսաստանը՝ իր, Թուրքիան՝ իր, և բնական է, որ ոչ միայն ռուս-թուրքական, այլև թուրք-ամերիկյան ու ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում էապես փոխվել են։ Եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին ջերմ էին, ապա հիմա դրանք ընդհակառակը շատ ցածր մակարդակի վրա են և կողմերը փորձում են գալ ընդհանուր հայտարարի որոշակի հարցերի շուրջ ու կարգավորել իրավիճակը։

Նույնն էլ կարելի է ասել ռուս-թուրքական հարաբերությունների մասին, կարող են լինել ծայրահեղ լարված իրավիճակներ՝ կապված Սիրիայի, այլ խնդիրների հետ, և կարող են լինել իրավիճակներ, երբ նրանց հարաբերությունները ինչ-որ կերպով լավանան։ Այնպես, որ այդ ռուս-թուրքական, թուրք-ամերիկյան սիրախաղերը շատ փոփոխական բնույթ են կրում և, կարծում եմ, այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Հայաստանի նախագահին նման հարց հնչեցնելը բնական է, այն էլ Յան Բրեմերի կողմից, որ փայլուն պատկերացում ունի մեր տարածաշրջանի ու տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ, ինքը ծագումով հայ է, նրա մայրը Սիրիայի փախստական հայ է, և չնայած Յան Բրեմերը ծնվել ու մեծացել է Միացյալ Նահանգներում, սակայն արյան կանչով կապեր է միշտ պահպանել և՛ Հայաստանի, և՛ Սիրիայի հետ, և փայլուն պատկերացում ունի տարածաշրջանի մասին։ Բնական է, որ նա պետք է ուղղեր այս հարցը Հայաստանի նախագահին, մի պետության նախագահի, որը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և թշնամական հարաբերություններ՝ Թուրքիայի հետ։ Կարծում եմ՝ հարցը որևէ զարմանքի կամ այլ զգացումի տեղիք չի տալիս»։

Տեսանյութեր

Լրահոս