Գյումրիում 10 000 աշխատատեղ է ստեղծվելու
Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ Գյումրիում 10 000 նոր աշխատատեղ է ստեղծվելու՝ չմանրամասնելով, թե ինչպիսի բնույթի աշխատատեղերի ստեղծման մասին է խոսքը:
Նա հավաստեց, որ արտադրություն հիմնելու նպատակով իսրայելական ընկերություններին 350 հեկտար հող է հատկացվելու: Ս. Բալասանյանի խոսքով՝ խոսքը հիմնականում Գյումրու Մարմաշենի խճուղու հողերի մասին է:
«Չորեքշաբթի ես այս հուշագիրը ստորագրելու եմ: Բացի այդ, սկսելու ենք Եվրոպական բանկի հետ կապված շինարարական աշխատանքները: Երկրորդ ծրագիրը Համաշխարհային բանկի միջոցներով դեպի Կենտրոնական հրապարակ մեր պատմական կենտրոնի ընդլայնումն է»,- նշեց Սամվել Բալասանյանը:
Ավագանու նիստում անդրադարձ կատարվեց նաև կանանց օրվա կապակցությամբ քաղաքապետարանի իրականացրած միջոցառումներին:
Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը տարակուսանք հայտնեց, որ որոշ ԶԼՄ-ներ քննադատում են իրենց, որ քաղաքապետարանը մոտ 3 միլիոն դրամ է հատկացնում կանանց օրվա միջոցառումների համար:
Նա ներկայացրեց բյուջեում տեղի ունեցող փոփոխությունները, թե ինչպիսի ծախսեր են իրականացվելու համայնքային բյուջեի միջոցներով:
Մասնավորապես, Գյումրու բյուջեից 10 միլիոն դրամ փողոցների լուսավորության համար է ծախսվելու: Նույնիսկ բակերում լուսավորության կետեր են լինելու:
Գյումրու քաղաքապետը հավաստեց, որ շինարարության հետ կապված բոլոր մրցույթները թափանցիկ են լինելու:
Ավագանու նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց Գյումրու տնակային թաղամասերին ևս:
Ըստ Գյումրու քաղաքապետարանի ունեցած տվյալների, քաղաքում 2441 տնակ կա, որտեղ անօթևաններ են բնակվում: 55 մլն դրամի սահմաններում բնակարաններ ձեռք են բերվելու և տրամադրվելու խիստ անապահով ընտանիքներին:
Գյումրու ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր 20-ից ավելի հարց՝ ներառյալ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին, «Մանկապատանեկան արվեստի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում առկա լրիվ մաշված գույքի դուրսգրումը թույլատրելու մասին, սոցիալապես անապահով թվով 150 անձանց դրամական օգնություն հատկացնելու, Գյումրու համայնքապետարանի կողմից կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման և անցկացման համար դրամական միջոցներ հատկացնելու, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Տիգրան Մեծ փողոցի N 38/7 հասցեի ինքնակամ կառուցված բնակելի տունը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասը վարձակալությամբ տրամադրելու և վարձավճարի չափ սահմանելու, Շիրակի մարզի թվով 11 համայնքային ոչ առևտրային կազմակերպությւններին դրամական միջոցներ հատկացնելու, աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, այդ վճարի գանձման կարգն հաստատելու, Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Ֆորալբերգի փողոց N 2 հասցեի հողամասը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման տրամադրելու մասին, Գյումրի համայնքի «Կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ենթակայությամբ գործող «Անի» գրադարանի սեփականություն հանդիսացող գույքը Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին, և այլ հարցեր:
Ավագանու նիստի մանրամասները՝ ավելի ուշ:
Անահիտ Սիմոնյան